Home / Հայաստան / Եվրամիությունը հաճոյացել է Հայաստանին

Եվրամիությունը հաճոյացել է Հայաստանին

Եվրամիությունը ողջունում է այն փաստը, որ երկար ժամանակ անց առաջին անգամ Երևանի քաղաքապետարանը թույլատրեց քաղաքական ընդդիմությանը ապրիլի 28-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Այս մասին ասված է ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում հրապարակած հայտարարության մեջ:

«Հուսով ենք, որ հանրահավաք անցկացնելու հետագա դիմումները կարժանանան նույն արձագանքին: Այս հանրահավաքի ընթացքում պահպանվեց կարգուկանոնը, ինչը, ըստ ամենայնի, արդյունք էր իրավապահ մարմինների և ընդդիմադիր խմբերի միջև արդյունավետ համագործակցության: Հաշվի առնելով, որ 2012 թվականին Հայաստանում մեկնարկելու է նոր ընտրաշրջանը, մենք առանձնակի կարևորություն ենք տալիս հավաքների ազատության հարգմանը», – ասված է հայտարարությունում:

Եվրամիությունը ողջունել է նաև Սերժ Սարգսյանի ապրիլի 20-ի հայտարարությունը, որտեղ կոչ է արվում առավել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ:

«Այդ նույն համատեքստում ողջունում ենք, որ այդ դեպքերից հետո դատապարտված և ազատազրկված երեք ընդդիմադիր ակտիվիստներ` Հարություն Ուռուտյանը, Ռոման Մնացականյանը և Արամ Բարեղամյանը, վերջին շաբաթների ընթացքում վաղաժամ ազատ են արձակվել: Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին շուտ ազատ արձակել բոլոր մնացյալ ակտիվիստներին», – գրում են հայտարարության հեղինակները:

Եվրոպական միությունը գտնում է, որ 2008 թվականի մարտյան դեպքերի մանրակրկիտ հետաքննությունը և այդ դեպքերի առնչությամբ ձերբակալված բոլոր անձանց ազատ արձակումը կօգնեն Հայաստանի իրական առաջխաղացմանը:

Եվրամիությունը «ցանկանում է ևս մեկ անգամ հաստատել այն կարևորությունը, որ տրվում է Հայաստանի հետ հարաբերությունների ակտիվացմանը, և հորդորում է Հայաստանի կառավարությանը լիարժեքորեն օգտվել Արևելյան գործընկերության ու Եվրոպական հարեւանության քաղաքականության ընձեռած հնարավորություններից»:

Tekali Taxi