Home / Հայաստան / «Ռեժիմը գնում է թավշյա հեղափոխության տարբերակով». ՀԱԿ-ն Արթիկում գրասենյակ բացեց

«Ռեժիմը գնում է թավշյա հեղափոխության տարբերակով». ՀԱԿ-ն Արթիկում գրասենյակ բացեց

Այսօր Արթիկում բացվեց Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակը: Այդ առիթով Արթիկ էին ժամանել Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Վահագն Խաչատրյանը, Մյասնիկ Մալխասյանը, Պետրոս Մակեյանը, Հարություն Ուռուտյանը, Աշոտ Զաքարյանը, Ստեփան Մինասյանը:

Նորաբաց գրասենյակում Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպում ունեցան Արթիկի Կոնգրեսի ակտիվիստների հետ: Հանդիպման ժամանակ Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ակտիվիստներին վստահեցրեց, որ այս պահին Շարժումն ավելի մեծ թափ է առնում: Նրա խոսքով` իշխանություններին միայն թվում էր, որ մարտի 1-ից հետո Շարժումը հնարավոր կլինի ջախջախել:

Զուրաբյանի նշել է, որ այս շտաբը պետք է դառնա Արթիկի քաղաքական կենտրոնը: Նա նաև տեղեկացրել է, որ վերջին 3 տարվա ընթացքում ՀԱԿ-ն ամբողջ հանրապետությունում արդեն բացել են մոտ 40 շտաբ և շուտով շտաբներ կբացվեն Երևանի Դավթաշեն համայնքում, Դիլիջանում և Նոյեմբերյանում:

«Հայաստանում քաղաքական իրավիճակը ձևավորում է ՀԱԿ-ը, սա արդեն անժխտելի փաստ է: Բոլորը տեսնում են, որ 3 տարի շարունակ իշխանությունները կիրառում էին մեզ հալածելու, անտեսելու քաղաքականություն և իրենք վստահ են եղել, որ արդյունքի են հասնելու, որ մարդիկ հոգնելու են, հիասթափվելու են  հանրահավաքների գալուց, բայց այս գարնանը լրիվ փոխվեց: Մենք 5 հանրահավաք անցկացրեցինք` մեկը մեկից մեծ»,- նշել է Զուրաբյանը:

Այնուհետև, խոսելով վերջին շրջանում արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունների մասին, ՀԱԿ համակարգողն ասաց, որ տարբեր երկրներում հեղափոխությունը տարբեր կերպ տեղի ունեցավ` Եգիպտոսում ռեժիմը դիմադրեց, Սիրիայում ու Լիբիայում ռեժիմը պատերազմ հայտարարեց ժողովրդին, իսկ հայաստանյան ռեժիմը որոշել է գնալ թավշյա հեղափոխության տարբերակով: Զուրաբյանի խոսքով` սա լավագույն տարբերակն է:

Նա հավելել է, որ դրանից ընդդիմությունը չպետք է կորցնի զգոնությունը, և այսուհետ հանրահավաքներին ավելի շատ մարդ պիտի մասնակցի:

ՀԱԿ համակարգողը հավաստիացրել է ներկաներին, որ իրենք սպասում են քաղբանտարկյալներին մայիսի 31-ի հանրահավաքին, իսկ նրանց ազատ արձակումից հետո, ՀԱԿ-ը պետք է անի ամեն ինչ, որպեսզի ռեժիմին պարտադրի անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

Tekali Taxi