հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ժամանակն է, որ իմ ազգն այդ ողբերգությունը ճանաչի որպես Ցեղասպանություն. հրեական համայնքի ղեկավար

Ժամանակն է, որ իմ ազգն այդ ողբերգությունը ճանաչի որպես Ցեղասպանություն. հրեական համայնքի ղեկավար

Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը ողջունում է Իսրայելի որոշումը` հանձնարարել Կնեսետի կրթության և մշակույթի հանձնաժողովին վերանայել Օսմանյան կայսրության օրոք հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանությանը վերաբերող բանաձևը և ներկայացնել այն խորհրդարանի հաստատմանը:

«Ես երջանիկ եմ, և մենք լիահույս ենք, որ ժամանակն է եկել, որպեսզի իմ ազգը` հրեական ազգը, այդ ողբերգությունը ճանաչի որպես Ցեղասպանություն»,- Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Վարժապետյանը:

Լրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ` ապրիլի 19-ին, այս թեմային անդրադարձ կատարելիս համայնքի ղեկավարը նշել էր, որ Իսրայելի քաղաքական գործիչները գիտեն, թե ինչ կարող է հետևել Ցեղասպանության ճանաչմանը, և գիտեն նաև, որ դա կազդի Իսրայելի տնտեսության և անվտանգության վրա:

«Պետք չէ սեփական երջանկությունը կառուցել ուրիշների դժբախտության վրա: Մի կարծեք, որ Իսրայելի և Թուրքիայի  միջև հարաբերություններն այդքան ծանր վիճակում են: Մենք միայն կարող ենք երազել, որ Հայաստանի և Իսրայելի փոխհարաբերություններն անընդհատ բարելավվեն»:

Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայաստանյան  լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան` հրեական համայնքի ղեկավարը հայտարարել էր, որ «հրեական աշխարհն ընդունում է այս փաստը:

«Սակայն գոյություն ունեն քաղաքական, տնտեսական հարցեր, այլ երկրների հետ փոխհարաբերություններ: Երբ Հայաստանում ոսկե մեդալով պարգևատրեցին Իրանի նախագահին, մենք վրդովված էինք, սակայն միաժամանակ հասկանում էին, որ դա քաղաքականություն է: Այնպես, ինչպես Հայաստանը չի կարող առանց Իրանի, նմանատիպ պատկերացումներ էլ Իսրայելն ունի այս հարցի շուրջ», – ասել է Վարժապետյանը:

Հիշեցնենք, որ Ցեղասպանության խնդիրը  քննարկվել է  Կնեսետի մայիսի 18-ի նիստում: Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին կետը օրակարգ է մտցրել պատգամավոր Զաավա Գալյոնը, ով ներկայացնում է Մերեց խմբակցությունը, իսկ նրան ակտիվորեն աջակցել է իշխող «Լիքուդ» կուսակցության խմբակցության ղեկավար Զեեվ Էլկինը:

Կնեսետի ամբիոնից ելույթ ունենալով՝  վերջինս նշել է, որ Իսրայելը, որը նրբանկատ է վերաբերվում սեփական ողբերգության զոհերի հիշարակին և պահանջում է հարգալից վերաբերմունք Հոլոքոստի նկատմամբ այլ երկրներից, բարոյական իրավունք չունի անտեսել այն ողբերգությունը, որն ապրել է հայ ժողովուրդը: