հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Իշխանություններին կոչ են անում վերացնել Փոստանջյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքը

Իշխանություններին կոչ են անում վերացնել Փոստանջյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքը

Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որը վերաբերում է ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը՝ Տիգրան Փոստանջյանին, ով արդեն 88 օր գտնվում է նախնական կալանքի տակ և հայտարարել է հացադուլ` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորների նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դեմ: Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ դատախազության, «Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար Հ.Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված 1-ին մասով»:
«Տիգրան Փոստանջյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական ղեկավարությունը պահել է 39  խցում, որը շուրջ 25 քառակուսի մետր է: Ըստ  Տ. Փոստանջյանի նրա հետ գտնվել են ևս 18 կալանավոր: Քնելու համար իրար վրա ամրակցված երկուական մահճակալները տեղադրված են խցի պատերի ողջ եզրերով, որոնք  ամրակցված են միմյանց: Կալանավորների թիվն ավելի է, քան խցում առկա 11 քնելատեղը, և կալանավորները ստիպված են քնել հերթափոխով` ընդհանուր օգտագործելով քնելու տեղերը և անկողինները: Խցում միաժամանակ գտնվում են ծխող և չծխող կալանավորներ: Խցի հեռուստացույցը և լույսը միացված են օրը 24 ժամ: Կալանավորները սնվում են կես մետր հեռավորության վրա գտնվող զուգարանի կողքին», – նշցած է հ/կ-ների հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները նշում են, որ խցում չկա օդափոխություն, ջերմաստիճանը հասնում է մինչև 38 աստիճանի: Տարբեր խայթող միջատների առատության պատճառով Տիգրան Փոստանջյանը ստիպված է քնել հագուստով: 11 կալանավորի համար նախատեսված խցում 19 կալանավորի պահելու հետևանքով առկա է մշտական աղմուկ և հասկանալի խառնաշփոթ:

«ՀՀ մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև ՀՀ ԱՆ ՔԿՀ Հասարակական դիտորդների խումբը  նախկինում բազմիցս նշել և հայտարարություն են արել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության խնդրի կապակցությամբ :

Այդպիսի պայմաններում Տիգրան Փոստանջյանին և այլ կալանավորներին պահելը ոչ միայն խախտում է ՀՀ օրենսդրությունը, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը` Խոշտանգումների արգելում. ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված «Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» գործով որոշմամբ, որում նկարագրվում է Տիգրան Փոստանջյանին և նրա խցակիցներին պահելու գրեթե համանման իրավիճակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

ՀՀ իշխանություններից պահանջում և կոչ ենք անում` անհապաղ միջոցներ ձեռնարկել վերացնելու անմարդկային և նվաստացնող վերաբերմունքը Տիգրան Փոստանջյանի և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորների նկատմամբ», – ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ, Փաստաբաններ մարդու իրավունքների համար հկ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի հայկական կոմիտե, Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Երիտասարդություն հանուն ժողովրդավարության հկ, Քաղաքացիական ազգային նախաձեռնություն հկ, Էկոդար, Իրավաբանները ընդդեմ խոշտանգումների, Հույս հկ: