Home / Հայաստան / Իսրայելի հայերը շնորհակալական նամակներ են պատրաստում Կնեսետի պատգամավորներին

Իսրայելի հայերը շնորհակալական նամակներ են պատրաստում Կնեսետի պատգամավորներին

Անցած շաբաթ Կնեսեթի կայացրած որոշումը մոտեցնում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայ դատի Երուսաղեմի մասնաճյուղի պատասխանատուներից մեկը` Հակոբ Սևանը:

Հակոբ Սևանի փոխանցմամբ` Կնեսեթի մայիսի 18-ի քննարկումների ընթացքում «խոսք եղավ, որ այսօր արևմտյան աշխարհում Իսրայելը գրեթե վերջիններից է, որ մինչ օրս չի ընդունել Հայոց ցեղասպանության հարցը»: Բացի այդ, ինչպես ընդգծեց Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը, «այսօր Թուրքիա – Իսրայել հարաբերությունները օրեցօր ավելի վատ վիճակ են ստանում»:

«Եվ այս բոլորը իրար հետ գումարած` ինքը պատճառը պատմական, բարոյական, Իսրայելի բարոյական դիմագիծն է, որ այսօր կուզենք ավելի լավ ձևով ներկայացնել` այն է, որ կկարծեմ, որ այսօր այս քայլին գնաց Իսրայել», – ասաց Հակոբ Սևանը:

Կնեսեթում քվեարկությանը մասնակցած 20 պատգամավորներն էլ կողմ են արտահայտվել ոչ միայն բանաձևի նախագիծը օրակարգում ընդունելուն, այլև այն կրթության և գիտության հանձնաժողով տեղափոխելուն:

Թուրքական մամուլը և հեռուստատեսությունը նույն օրը անդրադարձան Քնեսեթի այս որոշմանը` խիստ քննադատելով Իսրայելի պատգամավորների այս քայլը:

Հայ դատի հանձնախմբի մեկ այլ անդամ` պատմական գիտությունների թեկնածու Ժորժետ Ավագյանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այժմ հսկայածավալ նյութ է հավաքվելու Կնեսեթին ներկայացնելու համար:

Իսկ այս պահին շնորհակալական նամակներ են պատրաստվում` հրեա այն պատգամավորներին ուղարկելու համար, որոնք արտահայտվեցին պատմական արդարությունը վերականգնելու օգտին:

Շատ իսրայելահայեր էլ ակնկալում են Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի և արտգործնախարարության արձագանքը:

Tekali Taxi