Home / Հայաստան / Նախագահականի մոտ բողոքի ակցիան չօգնեց. Կարապետյանին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման

Նախագահականի մոտ բողոքի ակցիան չօգնեց. Կարապետյանին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընթերցել է գործարար Արա Կարապետյանի գործով դատավճիռը, ըստ որի վերջինս դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Հենց այդքան տարվա ազատազրկում էր Կարապետյանի համար պահանջել դատախազ Հովսեփ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Արա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008 թվականի հոկտեմբերի 27-ի կեսգիշերին կազմակերպված ավազակային հարձակման համար, ինչպես նաև ավազակային խումբ ձևավորելու և ավազակային հարձակումներ կատարելու մեջ:

Այս տարվա փետրվարի 7-ին Կարապետյանի  հարազատները և ընկերները, ովքեր գտնում են, որ մեղադրանքն անհիմն է, բողոքի ակցիա էին անցկացրել նախագահական նստավայրի մոտ: Նրանք ձեռքերում պաստառներ էին պահում, որոնց վրա գրված էր՝ «Ազատություն Արա Կարապետյանին», «Մի դատեք առանց ապացույցների», «Վստահում ենք նախագահին»:

Այդ օրը լրագրողների հետ զրույցում Կարապետյանի քույրը՝ Ծովինար Կարապետյանը նշել էր, որ այդ պահի դրությամբ իրեն թույլ չի տա ասել, թե ինչպիսի ենթատեքստ ունի գործարար Արա Կարապետյանին մեղադրանք առաջադրելը և նրան երկու տարի ԱԱԾ խցում պահելը, սակայն կարծիք էր հայտնել, որ այդ գործընթացում քաղաքական ենթատեքստ չկա:

Այդ օրը Ծովինար Կարապետյանը նշել էր, որ ցանկանում է եղբոր նամակը փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Այսօր արդեն վճիռը կայացնելուց հետո Կարապետյանին աջակցող խումբը լրատվամիջոցներին նամակ է ուղարկել՝ տեղեկացնելով դատավճռի մասին և նշելով, որ «դատելով նրանից, որ հայտնի պատվեր կատարողներից և մարտի մեկի դատավարությունները անցկացնողներից գլխավոր գործող անձը` Մացոն (Մնացական Մարտիրոսյանը – Epress.am), դատավորն էր, իսկ երկորդ գլխավոր գործող անձը դատախազը՝ Հոսոն էր` Հովսեփ Սարգսյանը, ապա կարելի է պարզ տեսնել, որ սա ընդամենը Մարտի մեկի պատվերների երկորոդ սերիան էր»:

Tekali Taxi