Home / Հայաստան / ՀԱԿ-ը պատվիրակություն է ստեղծում իշխանության հետ երկխոսելու համար

ՀԱԿ-ը պատվիրակություն է ստեղծում իշխանության հետ երկխոսելու համար

Մայիսի 31-ին Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին հնչեցրած իր ելույթում ՀՀ առաջին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Կոնգրեսի առաջիկա անելիքներին:

Նա նշել է, որ, նկատի ունենալով Հայ Ազգային Կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջների կատարման հանգամանքը, ընդդիմությունն արդեն պատրաստ է իշխանության հետ ֆորմալ, այսինքն պատվիրակությունների մակարդակով երկխոսության։

«Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3–5 հոգուց, և իշխանությանը կներկայացնենք երկխոսության մեր օրակարգը։ Բնականաբար, նույնը պետք է անի նաև իշխանությունը՝ թե՛ պատվիրակություն կազմավորելու, թե՛ սեփական օրակարգը ներկայացնելու առումով։ Կոնգրեսի օրակարգը հայտնի է՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է հաշվի առնենք նաեւ իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես կխախտվի կողմերի իրավահավասարությունը։ Ավելին, երկխոսության ընթացքում մենք չենք կարող անտեսել նաև ս.թ. մարտի 1-ի տասնհինգկետանոց մեր հայտարարության մնացյալ պահանջները, որոնք վերաբերում են սոցիալական ոլորտի, մանր ու միջին գործարարության, գյուղացիության, օրինականության, կոռուպցիայի խնդիրներին, եւ որոնք ընդհանրապես, երկխոսության ընթացքին զուգահեռ, այսուհետեւ պետք է գտնվեն մեր մշտական ուշադրության կենտրոնում։ Հիշեցնեմ, որ, ինչպես արդեն նշվեց Լեւոն Զուրաբյանի ելույթում, իշխանության հետ բանակցությունների առաջնահերթ հարցերից մեկը պետք է լինի նաև քաղբանտարկյալներ Մուրադ Բոջոլյանի և Սարգիս Հացպանյանի ազատ արձակման, իսկ վերջինիս պարագայում միաժամանակ Հայաստանում կացության կարգավիճակ կամ քաղաքացիություն շնորհելու պահանջը։ Եթե փորձելու լինենք մեկ նախադասությամբ ձեւակերպել Հայաստանում ընթացող ներկա քաղաքական զարգացումները, ապա ակնհայտ է, որ մեզ մոտ, ըստ էության, տեղի է ունենում նույնը, ինչ արաբական աշխարհում, այն է՝ համաժողովրդական ճնշման միջոցով արտահերթ ընտրությունների պարտադրում և իշխանության փոփոխություն», – հայտարարել է Տեր-Պետրոսյանը։

ՀՀ առաջին նախագահը նշել է, որ, ի տարբերություն արաբական երկրների, հայաստանյան ընդդիմությունը ձգտում է իշխանության փոփոխությանը հասնել ոչ թե ահավոր ցնցումներից, տակնուվրայություններից ու արյունահեղությունից հետո, այլ խաղաղ, սահմանադրական ճանապարհով։

«Ես վստահ եմ, որ եթե արաբական ժողովուրդներն էլ ունենային այդ այլընտրանքը, նրանք կնախընտրեին վարվել նույն կերպ։ Իսկ թե որքանով է երաշխավորված մեր ընտրած ճանապարհի հաջողությունը, դա արդեն կախված է ոչ այնքան Կոնգրեսի, որքան ողջ ժողովրդի միահամուռ ջանքերից և գործընթացը հասարակության մշտական վերահսկողության տակ պահելու կարողությունից։ Իշխանության անդրդվելիության պարագայում, մեր կամքից անկախ, բացառված չէ նաև արաբական տարբերակը, որովհետեւ հուսահատության եզրին հասցված ժողովուրդների վարքը միշտ չէ, որ ենթարկվում է բանականության թելադրանքին։ Հուսանք, իշխանությունը բավարար իմաստություն կունենա հասկանալու համար այս պարզ ճշմարտությունը։

Գործընթացը վերահսկելու մեխանիզմը, բնականաբար, մեր պարբերական հանրահավաքներն են լինելու, որոնք տեղի կունենան ըստ անհրաժեշտության՝ երկխոսության ընթացքին ձեզ տեղյակ պահելու համար, կամ էլ սոցիալ-տնտեսական իրավիճակի սրման և որևէ այլ արտակարգ իրադարձության պարագայում։ Ինչ վերաբերում է հաջորդ հանրահավաքին, ապա այն նախատեսված է անցկացնել հունիս ամսին, իսկ ճշգրիտ օրվա մասին ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ։ Հայաստանում ստեղծված է նոր քաղաքական իրավիճակ, որը հնարավորություն է տալիս թեկուզ ամենասուր խնդիրները լուծել օրինական ճանապարհով։ Մենք պատեհություն ունենք աշխարհին ապացուցելու, որ հիրավի պետականության դարավոր ավանդույթներ ունեցող քաղաքակիրթ ժողովուրդ ենք։ Եվ ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ հասարակությունը իրավունք չունի կորցնելու այդ պատեհությունը։ Բարի երթ և մինչ նոր հանդիպում, որը, վստահաբար, շատ չի ուշանա, քանի որ իրադարձությունները զարգանում են սրընթաց կերպով», – իր ելույթն ավարտել Լևոն Տեր-Պետրոսյանը։

Tekali Taxi