Home / Հայաստան / «Ով է խանգարում». ՀՀԿ-ականը խորհուրդ է տվել ընթերցել Տեր-Պետրոսյանի ելույթը

«Ով է խանգարում». ՀՀԿ-ականը խորհուրդ է տվել ընթերցել Տեր-Պետրոսյանի ելույթը

Հայ Ազգային Կոնգրեսը իր օրակարգը չի պարտադրելու իշխանության հետ երկխոսության ընթացքում: Այսօր հրավիրված ՀՀԿ-ական Արտակ Դավթյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին այսպիսի հայտարարություն է արել ՀԱԿ-ի մաս կազմող Հանրապետություն կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը:

«Իմ և պարոն Դավթյանի վրա պատմական առաքելություն է դրված, հանրահավաքից հետո առաջին երկխոսության փորձն է, հիմք ենք դնում երկխոսության: Մենք ոչ թե գործող իշխանությունը մեզանով փոխարինելու խնդիր ենք դրել, այլ Հայաստանում նորմալ լեգիտիմ իշխանության ձևավորելու խնդիր»,- հայտարարել է Աբրահամյանը:

Արտակ Դավթյանն էլ իր խոսքը սկսել է աստվածաշնչյան մեջբերումով` ասելով. «Տունը, որտեղ չկա միասնություն կանգուն մնալ չի կարող: ՀՀ առաջին նախագահի քայլերը և իշխանության քայլերը տեղավորվում են աստվածաշնչյան այս խոսքերի մեջ: Ընդդիմություն լինի, թե իշխանություն՝ նպատակները հայտնի են, նպատակների հասնելու միջոցներում պետք է լինի տարբերությունը»,- հայտարարել է նա:

Ըստ Աբրահամյանի` երկխոսության ժամանակ իշխանությունները կարող է ՀԱԿ-ի ներկայացրած օրակարգից, այն է` արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ, այլ տարբերակ առաջ քաշել ՝ երկիրը ներկայիս վիճակից հանելու համար:

«Մենք մեր օրակարգը չենք պարտադրելու, բարդը իրար դիմաց նստելն է, հետո արդեն հարցերը կքննրակվեն», – ասել է քաղաքական գործիչը:

Ասուլիսի երկու բանախոսներն էլ շեշտել են, որ երիրը կայունության հասցնելու համար ներքին և արտաքին խանգարող հանգամանքներ կան:

Epress.am-ի այն հարցին, թե ովքեր են այդ խանգարող ուժերը, և ինչ դերակատարություն կարող է իշխանություն-ընդդիմություն երկխոսության ընթացքում ունենալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Աբրահամյանը պատասխանել է. «Ախր, ակնհայտ է Քոչարյանի դերը. նա ուղղակի սարսափում է»:
ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը որպես պատասխան խորհուրդ է տվել վերընթերցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հանրահավաքի ելույթը:

Tekali Taxi