Home / Հայաստան / Քոչարյանի օրոք Հայաստանում քաղբանտարկյալ չի եղել. նախկին խոսնակ

Քոչարյանի օրոք Հայաստանում քաղբանտարկյալ չի եղել. նախկին խոսնակ

Մի քանի օր առաջ Հայաստանի խորհրդարանը նախագահի առաջարկությամբ համաներում հայտարարեց, որի արդյունքում ազատության մեջ հայտնվեցին նաև «մարտի 1-ի» գործով դատապարտվածները: Համաներման փաստը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Համաներման հայտարարումը, անկասկած, մարդասիրական քայլ է: Չէ՞ որ ազատության մեջ հայտնվեցին ոչ միայն այն մարդիկ, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում «մարտի 1-ի» զանգվածային անկարգությունների և 10 մարդկանց կյանքերի համար: Ինչ վերաբերում է համաներման ենթադրվող  նպատակներից մեկին` ներքաղաքական լարվածության թուլացմանը, ապա այսօր դժվար է կանխատեսումներ անել այդ առիթով, հատկապես ազատ արձակված ընդդիմադիրների հայտնի հայտարարությունների ֆոնին: Կցանկանայի հուսալ, որ լարվածությունն իրոք կթուլանա: Ժամանակը ցույց կտա:

Ինձ փոքր-ինչ մտահոգեց այլ փաստ. քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների մի ամբողջ շարք համաներումը ներկայացրին որպես «աննախադեպ իրադարձություն», իսկ քաղբանտարկյալների ազատ արձակումը` որպես «Քոչարյանի ժառանգության հաղթահարմանն ուղղված հերթական քայլ»: Այս պնդումները զարմացնում են:

Առաջինը, անկախության ձեռքբերումից հետո մեր պետությունն արդեն մի քանի անգամ համաներում է հայտարարել (եթե չեմ սխալվում, այս համաներումը 7-րդն է): Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության տարիներին համաներում է հայտարարվել երեք անգամ` 1998, 2001 և 2006թթ: Այնպես որ, ոչ մի աննախադեպ բան, բնականաբար, չկա:

Ինչ վերաբերվում է «… հաղթահարմանն ուղղված հերթական քայլին», ապա ստիպված եմ հիշեցնել, որ 1998-2007թթ. Հայաստանի Հանրապետությունում ոչ մի քաղբանտարկյալ չի եղել: Դա հանրահայտ փաստ է: Վերջերս ազատ արձակված քաղաքական գործիչները տարբեր ժամկետների ազատազրկման են դատապարտվել 2008 թվականի ապրիլից հետո: Այնպես որ, որեւէ «ժառանգության» և առավել եւս` դրա «հաղթահարման» մասին խոսք լինել չի կարող», – ասել է Սողոմոնյանը:

Նշենք, որ չնայած ընդդիմության պահանջին, անազատության մեջ են շարունակում մնալ Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը և թուրքագետ Մուրադ Բոջոլյանը: Վերջինս բանտարկվել է 2002թ.: Մուրադ Բոջոլյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 59 հոդվածի հատկանիշներով՝ օտարերկրյա կազմակերպություններին պետական, ռազմական կամ այլ բնույթի գաղտնիքների մասին տեղեկություններ հաղորդելու համար:

Tekali Taxi