Home / Հայաստան / Բաքու. Ղարաբաղի կարգավիճակը հակամարտության կարգավորման վերջին փուլն է

Բաքու. Ղարաբաղի կարգավիճակը հակամարտության կարգավորման վերջին փուլն է

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները հունիսի վերջին Կազանում նախատեսված հանդիպմանը կարող են որոշակի փաստաթուղթ ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, հայտնել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

Նրա խոսքով` վերջին շրջանում բավական դրական նշաններ են ի հայտ եկել, ինչպես, օրինակ, «Մեծ  ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների կողմից արված համատեղ հայտարարությունները, որոնք թույլ են տալիս արդյունքներ ակնկալել Կազանում կայանալիք հանդիպումից:

«Թե միջազգային հանրությունը և թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները պահանջում են փոփոխել տարածաշրջանում առկա ստատուս-քվոն: Մենք նույնպես ցանկանում ենք, որպեսզի այստեղ առաջխաղացումներ լինեն, այսինքն որպեսզի ազատագրվեն որոշակի տարածքներ և այնտեղ վերադառնան ադրբեջանցի տեղահանվածները»,-ասել է Մամեդովը:

Հարցին, թե արդյոք հնարավոր է հստակ ժամկետներ նշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեի անցկացման վերաբերյալ, Մամեդովը նշել  է, որ կարգավիճակի հստակեցման հարցը հակամարտության կարգավորման գործընթացի վերջին փուլն է, և ճիշտ չի լինի այդ մասին հիմա խոսել:

Tekali Taxi