Home / Հայաստան / «Մենք չենք կռանում երթուղայինում», «Ես ոչխար չեմ». պայքար լեցուն երթուղայինների դեմ

«Մենք չենք կռանում երթուղայինում», «Ես ոչխար չեմ». պայքար լեցուն երթուղայինների դեմ

«Մենք չենք կռանում երթուղայինում» քաղաքացիական նախաձեռնությունը շուտով մեծ թափով կսկսի բազմապիսի ակցիաները` ուղղված երևանյան երթուղայինների խնդրին:

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Facebook սոցիալական ցանցում «Մենք չենք կռանում երթուղայինում» խումբ է ստեղծվել, որն արդեն այժմ ունի մոտ 170 անդամ:

Նախնական շրջանում խմբի անդամները գրում էին, որ տարվում են նախապատրաստական աշխատանքներ, և սկզբնական փուլում անհրաժեշտ են լինելու կռացած ուղևորներով լի և կռանալու պրոցեսը պատկերող ֆոտոներ և տեսանյութեր, ինչը լայն արձագանք գտավ ֆեյսբուքի օգտատերերի շրջանում:

Epress.am-ը զրուցել է խմբի նախաձեռնող խմբի անդամ, «Հիմա» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչ Հակոբ Արշակյանի հետ, ով ներկայացրել է առաջիկա անելիքները:

«Մենք արդեն հանդիպում ենք ունեցել խմբի ակտիվ մասնակցիներից 25-30 հոգու հետ, քննարկվել և առաջարկվել են բազմապիսի ակցիաներ, ինչպես, օրինակ, մայկաների վրա տպել` «Մենք չենք կռանում երթուղայինում» և զբոսնել քաղաքով ու հատկապես ավտոբուսի կանգառներով, քաղաքում տարաբնույթ պաստառներ փակցնել, ակցիա կազմակերպել, որի ընթացքում մենք կմոտենանք կանգառների տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին, և կհարցնենք` ինչով է պայմանավորված նրանց անտարբերությունն այն ժամանակ, երբ մի «Գազելը» 60 հոգի է տեղափոխում»,-  մեկնաբանել է ակտիվիստը:

Նա պարզաբանել է, որ վերջին ակցիայով իրենք ոչ թե ուզում են վնասել վարորդներին, որ նրանք տուգանք վճարեն, այլ նաև ոստիկաններին ասել, որ կան այս խնդրով հետևողականորեն հետաքրքրվող մարդիկ:

«Իսկ վարորդները մեզ պես հասարակ քաղաքացիներ են, նրանք էլ են տուժածներ, որ մտածում են` ոնց անեն, որ օրվա վերջին համապատասխան գումարը հասցնեն գծի տերերին»,- ասել է Արշակյանը:

Արշակյանը նշել է նաև, որ Facebook սոցիալական ցանցում ստեղծված ևս մի խմբի հետ են համագործակցելու:

«Հավանաբար, այդ խմբի ներկայացուցիչների հետ հանդիպումը կկայանա չորեքշաբթի», – ասել է Արշակյանը:

Նշենք, որ խումբը կոչվում է «Ես ոչխար չեմ»:

Վերջինիս խոսքով` իրենք պատրաստվում են նաև տարբեր նամակներ գրել համապատասխան մարմիններին, «ուղղակի պայթեցնել բոլոր թեժ-գծերն ու էլեկտրոնային փոստերը»:

«Մենք հասկանում ենք, որ տվյալ պաշտոնյաները իրենց կարծիքը չեն փոխելու նամակներ ստանալով, և մեր այս նախաձեռնությունը ավելի շատ ուղղված է հասարակական գիտակցության բարձրացմանը: Նման կերպ մարդիկ գոնե կսկսեն իրենք բողոքել, պայքարել իրենց իրավունքի համար, երթուղային չեն նստի, եթե այնտեղ նստելու տեղ չի լինի»,- նշել է մեր զրուցակիցը:

Tekali Taxi