Home / Հայաստան / Պայքար ազատության համար. Հայաստանում այլընտրանքային կինոփառատոն բացվեց

Պայքար ազատության համար. Հայաստանում այլընտրանքային կինոփառատոն բացվեց

Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Մեդիակենտրոնում մեկնարկել է «Ժանգոտ դդում» փառատոնը, որտեղ տարբեր մասնագիտությունների, տարիքի մարդիկ ներկայացնում են իրենց արվեստի գործերը տեսանյութերի, ֆիլմերի տեսքով:

Փառատոնի բացման խոսքում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ողջունել է մասնակիցներին և կազմակերպիչ Սոնա Աբգարյանին, կարևորել է մեդիայի` կրթության ոլորտ մտնելու փաստը:

Epress.am-ի հետ զրույցում Աբգարյանը, համեմատություն անցկացնելով «Ոսկե ծիրան» և «Ժանգոտ դդում» կինոփառատոնների միջև, նշել է, որ մեր իրականությունում գլամուրը, պաշտոնական կեցվածքը թույլ չի տալիս բոլորին ինքնաարտահայտվել:

«Մեր դեպքում, թեկուզ վերցնենք քաղաքական ասպեկտը, մենք սահմանափակում չենք դնում, բայց ես համոզված եմ, որ շատ տեղեր ուղղակի կարգելվեն դրանք», – ասել է Աբգարյանը` նկատի ունենալով փառատոնին մասնակցելու համար ներկայացված նյութերը:

Նա կարծիք է հայտնել, որ «Ժանգոտ դդումը» կստեղծի այլընտրանքային դաշտ, որտեղ ընդգրկված կլինեն տարբեր մասնագիտության տեր մարդիկ: Աբգարյանի խոսքով` այս տարի շատ ավելի մեծ հետաքրքրություն կա փառատոնի նկատմամբ, ինչի մասին վկայում է բացմանը ներկա մարդկանց քանակը:

Փառատոնի բացումը սկսվել է «Oգնենք Սյուի մայրիկին» կարճամետրաժ ֆիլմով, որը պատմում է կրծքագեղձի քաղցկեղի խնդրի մասին, և հունվարին ավտովթարի հետևանքով մահացած արվեստագետ Դավիթ Կարեյանի մասին պատմող տեսանյութով:

«Առաջին անգամ է, որ հասարակական հետաքրքրություն ներկայացնող սոցիալական հարց ենք ընդգրկում փառատոնում, բայց, կարծում եմ, հետագայում ավելի կզարգացնենք այս ուղղությունը: Իսկ ինչ վերաբերում է Կարեյանին, մենք` արվեստագետներով, որոշեցինք ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք միշտ հիշում ենք իրեն, ինքը մեզ հետ է»,- ասել է փառատոնի կազմակերպիչը:

Աբգարյանը նշել է, որ «Ժանգոտ դդումը» միշտ պաշտպանելու է այլընտրանքային միտքը. ոչ մի սահմանափակում` ճնշում, գրախոսություն, ձևական, քաղքենիական տարրեր չեն լինելու:

«Մենք, քանի որ ազատության կողմնակից ենք, պայքարելու ենք ազատության համար»,- հայտարարել է Աբգարյանը:

Epress.am-ի հետ զրույցում Աշոտ Բլեյանը նույնպես ընդգծել է «Ժանգոտ դդում» կինոփառատոնի դեմոկրատական և ազատ բնույթը:

«Հնարավո՞ր է ամենասովորական գործիքով մասնակցել «Ոսկե ծիրանին»: Չէ: Պահանջները ուրիշ են», – ասել է կրթահամալիրի տնօրենը:

Նա նաև նշել է, որ «Ոսկե ծիրան» և «Ժանգոտ դդում» կինոփառատոնների միջև ոչ մի նմանություն չկա, իսկ եթե անգամ «Ժանգոտ դդումն» իր մեջ որոշակի մեսիջ է պարունակում, ամեն դեպքում` ««Ոսկե ծիրանը» մերն է, մեր ուրախությունն է»:

«Շատ լավ է, որ «Ոսկե ծիրանը» զրոյից սկսվեց, կայացավ և անընդհատ համբավ, ճանաչում է ձեռք բերում, և դա բոլորիս համար է լավ»,- ասել է Բլեյանը:

Նա նույնպես ընդգծել է, որ կրթահամալիրում անցկացվող փառատոնն այլընտրանք է, այն հնարավորություն է տալիս բոլորին ինքնաարտահայտվել:

«Իսկ եթե տարիներ հետո մեր կրթահամալիրի կինոֆոտոդպրոցի սաները ներկայացվեն «Ոսկե ծիրանին», շատ լավ կլինի, դա կսնի «Ոսկե ծիրանը»: Շատ կարևոր է «Ոսկե ծիրանի» կազմակերպիչների արձագանքը: Լավ չի, որ իրենք չեն արձագանքում, լավ չի, որ իրենք չեն գալիս: Նրանք պիտի գան, խրախուսեն: Իսկ մեր փառատոնի մասնակիցներն ակտիվ մասնակցում են «Ոսկե ծիրանին», ինչպես, օրինակ, Սուսան Ամուջանյանը, ով «Ոսկե ծիրանի» օպերատոր է»,- նշել է Բլեյանը:

Tekali Taxi