Home / Հայաստան / Ինչու են Ադրբեջանում ժողովրդավարությունը կապում Եվրատեսիլի հետ. The Washington Post

Ինչու են Ադրբեջանում ժողովրդավարությունը կապում Եվրատեսիլի հետ. The Washington Post

Անցյալ ամիս Ռուսաստանի և Իրանի միջև սեղմված այս բռնապետական երկիրը հաղթանակ տարավ բավական տարօրինակ «Եվրատեսիլ» երգի մրցույթում: Արդյունքում` ադրբեջանցիները սկսեցին հարցնել իրենք իրենց` արդյոք ազատության միջազգային լեզուն` ռոք-ն-ռոլը, ազատություն չի բերի իրենց: Այս մասին The Washington Post-ում գրում է Քեթի Լելլին` Ադրբեջանից:

Եվրատեսիլի հաղթանակը հպարտություն է պարգևում այն երկրին, որն իրեն ծայրահեղ չգնահատված է զգում: Հաջորդ մայիսին Բաքուն պետք է հյուրընկալի մի միջոցառում, որին մասնակցում են 43 երկրներ: Ադրբեջանի մայրաքաղաքին խելագարության աստիճանի հասնող ֆանտաստիկ իրավիճակ է սպասում, որը քիչ հանդուրժողականություն չի պահանջում: Քաղաքը ստիպված կլինի հանդուրժել անսահման ինքնաարտահայտման հակված ծայրահեղ անսովոր արտաքինով հյուրերի հոսքը:

Իշխանության քննադատները օգտվում են հանկարծ Եվրոպայի կողմից Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերած ուշադրությունից և ղեկավարության` եվրոպացիների  ընկերությունն ու հարգանքը նվաճելու ձգտումից ժողովրդավարական բարեփոխումներ պահանջելու համար: Ադրբեջանի իշխանությունները նախկինում բազմիցս ձերբակալել են լրագրողներին և բացահայտորեն իրենց դեմ դուրս եկող հակառակորդներին, իսկ մարտին և ապրիլին` Թունիսի և Եգիպտոսի ազգային խռովությունների ֆոնին, իշխանությունն անհանգստացավ և կոպիտ կերպով ցրեց մի քանի երիտասարդական ցույցեր:

Ադրբեջանն աշխարհիկ մահմեդական երկիր է: Այն հիմնականում բնակեցված է շիաներով, սակայն հարևան Իրանին զգուշավորությամբ է վերաբերվում: Ադրբեջանական իշխանությունները մի ձեռքը մեկնում են Եվրոպային և Արևմուտքին, մյուս ձեռքով ամուր պահում են երկրի, քաղաքականության և տնտեսության վերահսկողությունը, գրում է լրագրողը:
Էներգետիկ անվտանգության հարցն ու Ադրբեջանի` ռազմավարական նշանակություն ունեցող դիրքն այս երկիրը կարևոր են դարձնում Միացյալ Նահանգների համար:

Այս բոլորը գումարներ են, և մեծ գումարներ: Ֆինանսական հոսքը լցրել է Բաքուն, որը վերջին տասնամյակում խորհրդային մայրաքաղաքից վերածվել է գեղեցիկ այգիներով, հինգաստղանի հյուրանոցներով և  Kenzo, Armani և Escada հարուստ խանութներով քաղաքի:

Բաքվի բնակիչները ընտանիքներով քայլում են նավթով բուրող Կասպից ծովի ափին, ադի-բուդի են ուտում, կոկա-կոլա են խմում, թեյ են ըմպում բացօթյան սրճարաններում:

Այս գեղեցկությունների ֆոնին (ինչպես կարելի է չսիրել այն քաղաքը, որտեղ Pizza Hat կա) պայքար է ծավալվում Facebook-յան  խոսքի ազատության կողմնակիցների և երկիրը ղեկավարող ավագ սերնդի միջև, դեպի արևմուտք հակված
ձգտումների և հին կասկածամտության միջև:

Ժամանակն ու թվային առավելությունը երիտասարդության կողմն են: 9 միլիոնանոց այս երկրի բնակչության միջին տարիքը 30-ից ցածր է, իսկ ադրբեջանցի Facebook-ի օգտատերերի քանակը վերջին երեք ամիսների ընթացքում ավելացել է 20 տոկոսով` մոտ 400 հազար մարդ: Սակայն կառավարությունը իշխանություն ունի, և այն կարող է օգտվել դրանից:

Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովը 50 ակտիվիստներից բաղկացած մի ամբողջ ցուցակ ունի, որոնք ներկայումս կամ հետաքննություն տակ են, կամ բանտում: Հեյդար Ալիևի պատկերը փակցված է բոլոր հասարակական շենքերի վրա: Նրա դեմքը անվրդով նայում է բազմաթիվ գովազդային պաստառներից: Նրա ծննդյան օրը երկրում ծաղիկների տոնն է նշվում, որի համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում:
Երկիրը փորձում է օգտագործել նավթային եկամուտները` ի օգուտ բնակչության` ուսանողներին պետական բյուջեի հաշվին ուղարկելով սովորելու արտասահման և զարգացնելով տեխնոլոգիաները, որպեսզի աշխատատեղեր ստեղծի:

Ադրբեջանի պաշտոնատար անձինք հպարտանում են իրենց գործադրած ջանքերով և վրդովվում են այն փաստից, որ աշխարհը, ինչպես իրենց է թվում, երկրին անարդար է վերաբերվում: «Հայաստանում պատգամավորներին բանտ են նստեցնում, ասում է խորհրդարանի անդամ Սամեդ Սեիդովը,- բայց հայերին ոչ ոք չի ասում, որ իրենք քաղաքական բանտարկյալներ ունեն, իսկ մեզ ասում են: Դա անարդար է»:

Եվ ահա այժմ «Եվրատեսիլը» տեղի կունենա Ադրբեջանում:
Մրցույթի հաղթողներ Էլը և Նիկին խիստ զարմացան, երբ իմացան, որ ազատության և ժողովրդավարության վերաբերյալ երկրի հույսերը կապված են իրենց հետ:

«Դա ամեն ինչ կփոխի»,- կարծում է News.Az-ի գլխավոր խմբագիր Էլնար Բաիմովը, -տաքսիստներն արդեն անգլերենի դասընթացների են հաճախում, ոստիկանները կանգնած են հերթի: Ադրբեջանը կբացվի աշխարհին: Միգուցե, դա պարզապես ռոք-ն-ռոլ է, բայց այն այստեղ շատ բան է նշանակում, եզրափակում է Քեթի Լելլին:
Tekali Taxi