Home / Հայաստան / «Փյունիկը» Չեմպիոնների Լիգայում կմրցի Չեխիայի չեմպիոնի հետ

«Փյունիկը» Չեմպիոնների Լիգայում կմրցի Չեխիայի չեմպիոնի հետ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2010 թվականի չեմպիոնը` «Փյունիկը», 2011/2012թթ. Չեմպիոնների Լիգայի մրցաշրջանի երկրորդ որակավորման փուլում հանդիպելու է չեխական Պլզեն քաղաքի «Վիկտորիա» ակումբի հետ: Այս մասին պարզ դարձավ այսօր շվեյցարական Նյոն քաղաքում կայացած վիճակահանության ընթացքում:

Վիճակահանության ժամանակ «Փյունիկը» հայտնվել էր երկրորդ խմբում և Հայաստանի չեմպիոնի մրցակիցները, բացի «Վիկտորիայից», կարող էին դառնալ ավստրիական «Շտուրմը», սերբական «Պարտիզանը», խորվաթական «Դինամոն», լիտվական «Էկրանասը» և վրացական «Զեստաֆոնին»: Վերջին երկուսն առավել հարմար մրցակիցներ կարող էին համարվել:

Նշենք, որ այս տարի Պլզենի «Վիկտորիան» առաջին անգամ է իր պատմության մեջ նվաճել Չեխիայի չեմպիոնի կոչումը` մեկ միավորով առաջ անցնելով Պրահայի «Սպարտային»: Այս ակումբը չունի նաև եվրագավաթներում մասնակցելու մեծ փորձ: «Վիկտորիան» իր միակ մասնակցությունը գրանցել է նախորդ մրցաշրջանում: Առաջին փորձն անհաջող է եղել. Եվրոպա լիգայի որակավորման փուլում թիմը պարտվել է թուրքական «Բեշիքթաշին» 1:4 ընդհանուր հաշվով (1:1 սեփական հարկի տակ, 0:3 մրցակցի հարկի տակ):

Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլի հանդիպումները կայանալու են հունիսի 28-29-ին, պատասխան խաղերը` հուլիսի 5-6-ին: Կոնկրետ որ օրը կխաղա «Փյունիկը» պարզ կլինի ավելի ուշ: Առաջին խաղը Հայաստանի չեմպիոնը կանցկացնի սեփական հարկի տակ:

Tekali Taxi