Home / Հայաստան / Լյուքսեմբուրգում ամենաբարձր նվազագույն աշխատավարձն է Եվրոպայում. Հայաստանը զգալիորեն զիջում է

Լյուքսեմբուրգում ամենաբարձր նվազագույն աշխատավարձն է Եվրոպայում. Հայաստանը զգալիորեն զիջում է

Եվրոպայում ամենաբարձր նվազագույն աշխատավարձը Լյուքսեմբուրգում է` 1757.56 եվրո: Այս մասին ասված է Թուրքիայի մետաղ արտադրողների միության (MESS) հետազոտության մեջ, որի հեղինակները համադրել են ԵՄ անդամ 21 երկրների, ինչպես նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի նվազագույն աշխատավարձները և հաշվարկել են երկու տարվա կտրվածքով դրանց աճի դինամիկան:

MESS-ի տվյալներով` 2011 թվականի հունվարին 2009 թվականի հունվարի համեմատ նվազագույն աշխատավարձի ամենամեծ աճը գրանցվել է Սլովենիայում: Այս բալկանյան երկրում նվազագույն աշխատավարձը երկու տարվա ընթացքում աճել է 26.97 տոկոսով և կազմել է 748.1 եվրո: Աճի տեմպերով երկրորդ տեղում է Թուրքիան, որտեղ 2011 թվականի հունվարին աշխատավարձը 2009 թվականի համեմատ աճել է 24.18 տոկոսով` կազմելով 384.89 եվրո:

Սակայն բացարձակ թվերի առումով առաջատարներն Արևմտյան Եվրոպայի երկրներն են: Լյուքսեմբուրգին հետևում են Իռլանդիան` 1,461.85 եվրո (աճը 0 տոկոս), Բելգիան` 1,415.24 (աճը 2 տոկոս), Ֆրանսիան` 1,365 եվրո (աճը 3,33 տոկոս): ԵՄ երկրներում ամենացածր նվազագույն աշխատավարձը Բուլղարիայում է` 123 եվրո:

Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում նվազագույն աշխատավարձի չափն է 940.48 եվրոյին համարժեք դոլար: Վերջին երկու տարվա ընթացքում այս երկրում նվազագույն աշխատավարձի 15.28 տոկոսի աճ է գրանցվել:

Հիշեցնենք, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձն է 32500 դրամ, ինչը համարժեք է 60 եվրոյի: Մինչ 2011 թվականի հունվարի մեկը մեր երկրում նվազագույն աշխատավարձը կազմում էր 30000 դրամ:

Tekali Taxi