Home / Հայաստան / Հայկական ակումբը կարող է հանդիպել Արզումանյանի թիմին. Եվրոպայի Լիգայի վիճակահանություն

Հայկական ակումբը կարող է հանդիպել Արզումանյանի թիմին. Եվրոպայի Լիգայի վիճակահանություն

Եվրոպայի Լիգայի առաջին որակավորման փուլում Հայաստանի ֆուտբոլի 2010 թվականի առաջնության փոխչեմպիոն «Բանանցը» կխաղա վրացական Ռուստավի քաղաքը ներկայացնող «Մետալուրգ» թիմի դեմ, իսկ բրոնզե մեդալակիր «Ուլիսը» կմրցի Հունգարիայի ամենահայտնի ակումբներից մեկի` «Ֆերենցվարոշի» հետ:

Առաջին հանդիպումները կկայանան հունիսի 30-ին, իսկ երկրորդ խաղերը` հուլիսի 7-ին: Այս մասին հայտնի դարձավ այսօր շվեյցարական Նյոն քաղաքում անցկացված վիճակահանության արդյունքում:

Առաջին մրցակցի արգելքը հաղթահարելու դեպքում «Բանանցը» երկրորդ որակավորման փուլում կհանդիպի լեհական «Յագելոնիա» և ղազախական «Իրտիշ» թիմերի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ «Յագելոնիայում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:

«Ուլիսը» հունգարացիներին հաղթելու պարագայում ուժերը կչափի «Օլեսունդ» (Նորվեգիա) – «Նիթ» (Ուելս) զույգի հաղթողի հետ:

Հայաստանի գավաթակիր «Միկան» պայքարի մեջ կմտնի երկրորդ որակավորման փուլից: «Միկայի» մրցակիցն է նորվեգական «Վոլերենգա» ակումբը:

Երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 14-ին, պատասխան խաղերը` հուլիսի 21-ին:

Tekali Taxi