Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում. արտահերթ ընտրությունների կարիք չկա

Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում. արտահերթ ընտրությունների կարիք չկա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել Հայաստանում, որովհետև ոչ դրա անհրաժեշտությունը կա և ոչ էլ ՀՀ Սահմանադրությունն է հնարավորություն տալիս այդպես հեշտությամբ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին այսօր հայտարարել է Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հնչեցրած իր ելույթում` պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հարցին:

Փոստանջյանն իր հարցադրման ընթացքում կարծիք է հայտնել, որ ՀՀ-ում ձևավորվել է ավտորիտար ռեժիմ, 1995 թվականից սկսած ընտրությունները կեղծվել են:

«Ես կցանկանայի իմանալ, չեք ցանկանում Դուք նախաձեռնել իրական բարեփոխումներ, միանալ Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրությանը, նախաձեռնել արտահերթ, արդար ընտրություններ և հեռանալ: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ավտորիտար ռեժիմները միևնույնն է` տապալվելու են, ավելի լավ կլինի կամովին հեռանաք, և դա մեր ժողովուրդը կընկալի և ճիշտ կընդունի», – հայտարարել է Փոստանջյանը:

«Ես չեմ կասկածում, որ Դուք այլ կարծիք ունեք, որովհետև մշտապես տեղյակ եմ լինում Ձեր կարծիքներին, որոնք Դուք շատ հեշտությամբ և ազատությամբ հնչեցնում եք Հայաստանում` ինչպես խորհրդարանում, այնպես էլ, որ շատ նորմալ է, փողոցներում, այնպես էլ լրատվամիջոցներում և հարգում եմ ես Ձեր կարծիքը, բայց, իհարկե, համամիտ չեմ Ձեր կարծիքին», – պատասխանել Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարի խոսքով` գնահատական տվողները պետք է նաև իրենք կամք ունենան ուրիշի գնահատականները լսելու:

«Այնպես, ինչպես մենք լսում ենք մեր երկրում ընդդիմության և գործընկերների կարծիքները: Ես կարծում եմ, որ Հայաստանում, իրոք, ընթանում են կարևոր բարեփոխումներ, համապարփակ բարեփոխումներ: Մենք բազմաթիվ անգամ կոչ ենք արել բոլորին մասնակցել այդ բարեփոխումներին, մասնակցել իրենց գործով, մասնակցել իրենց գնահատականներով, մասնակցել իրենց քննադատությամբ, բայց նաև, իհարկե, իրենց կոնկրետ, կառուցողական առաջարկություններով: Ես կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլինի, որպեսզի նաև Դուք, որովհետև Դուք շատ ակտիվ քաղաքական գործիչ եք, մասնակցեիք մեր քննարկումներին, Ձեր ավանդը ունենաք մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, և Ձեզ կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել հերթական ընտրություններին: Կարծում եմ` հերթական ընտրությունների ժամանակ մենք ևս պետք է ականջալուր լինենք մեր գործընկերների կարծիքին, որովհետև ինչպես լսեցիք, մենք միշտ, նաև նախկինում, պատրաստակամ եմ ենք եղել մեր երկրում ընդունել միջազգային դիտորդների: Որովհետև սա այն պարագան է, որ երրորդ կողմի կարծիքը շատ էական պետք է լինի: Համաձայն եմ Ձեզ հետ, որ մեր երկրում անվստահության մթնոլորտ է ձևավորված հատկապես ընտրությունների նկատմամբ, ուստի նաև իմ ելույթում ես ասացի, որ բավարար չէ արդար և օրինական ընտրությունների անցկացումը, անհրաժեշտ է, որպեսզի հանրությունը ընդունի այն որպես այդպիսին: Կոչ եմ անում հանրությունում ձևավորել այդպիսի կարծիք», – ասել է Սերժ Սարգսյանը:

Tekali Taxi