Home / Հայաստան / Երևանում նստացույցով կբողոքեն Սարգսյան-Ալիև հանդիպման դեմ

Երևանում նստացույցով կբողոքեն Սարգսյան-Ալիև հանդիպման դեմ

«Հայազն» հայրենասիրական երիտասարդական նախաձեռնությունը հունիսի 24-ին` ժամը 10:00-ին, Երևանի Կոնսերվատորիայի հարակից տարածքից երթ է անցնացնելու դեպի նախագահական նստավայր և Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Կազանում կայանալիք հանդիպման վերաբերյալ նամակ-մտահոգությունն է հանձնելու: Այնուհետև երթի մասնակիցները կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ և Արտաքին գործերի նախաարության շենքի առջև կսկսեն 24-ժամյա նստացույց:

«Մենք` Հայազն Երիտասարդների Միաբանության անդամներս, խորապես մտահոգված և վրդովված ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց, քաղաքական գործիչների, փորձագետ ներկայացողների այն հայտարարություննեով, որոնք հնչում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Կազանում կայանալիք հանդիպումից առաջ, չարաբաստիկ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ», – տեղեկացնում են նախաձեռնության անդամները:
Նրանց կարծիքով` այդ շարքում հատկապես մտահոգիչ են Տիգրան Սարգսյանի` Վիեննայում, և Էդվարդ Նալբանդյանի` արտգործնախարարների մոսկովյան հանդիպումից հետո արած հայտարարությունները, իսկ հիմա նաև Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ-ում ունեցած ելույթը:

«Նրանք բոլորը շարունակում են միաձայն պնդել, թե պաշտոնական Երևանը ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած Մադրիդյան սկզբունքները և պատրաստ է Բաքվի հետ դրանց վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել Կազանում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի, խնդրով զբաղվող միջազգային օղակների մեկնաբանություններից հայտնի է, որ ստորագրության նախապատրաստվող փաստաթուղթը պարունակում է հանձնարարություն արտաքին գերատեսչություններին պատրաստելու հաշտության համաձայնագրի վերջնական տարբերակը, որը կներառի Արցախի հարավում և արևելքում ավելի քան չորս հազար քառ.կմ տարածքի առաջնահերթ հանձնում հակառակորդին, Քարվաճառի աստիճանական հանձնում և «վերջին փուլում միջանցքի (Բերձորի հատվածի) կարգավիճակի որոշում»: Համաձայնագրի մեջ կան այլ անընդունելի կետեր կապված Շուշի քաղաքում և մի շարք այլ բնակավայրերում ադրբեջանցի թուրքերի բնակություն հաստատելու, հայկական զորքերի փոխարեն խաղաղապահների տեղակայման, նաև Արցախում հաստատված թուրքերի մասնակցոությամբ նոր, անիմաստ հանրաքվեի մասին:
Բոլոր այս կետերը բացարձակապես մերժելի են: Դրանց ստորագրումը կկործանի Արցախը, կկործանի ողջ Հայաստանը, կկործանի հայ ժողովրդին: Վճռական ենք և վստահ ենք, որ մեր սերունդը դա թույլ չի տա:
Մենք դատապարտում ենք, ոչ միայն ենթադրյալ ստորագրությունը պարտվողական որևէ փաստաթղթի ներքո, այլև նախնական այն բոլոր հայտարարությունները, պարտավորությունները, գործաղությունները, որոնք նախապատրաստում և մոտեցնում են կործանարար հանգուցալուծումը:
Մենք նաև դատապարտում ենք ազգային դիմադրությունը կանխելու նպատակով ժողովրդի վրա կիրառվող քարոզչական ճնշումը, մասնավորապես, պատերազմով վախեցնելու, այն որպես ստորացուցիչ խաղաղության միակ այլընտրանք ներկայացնելու, ինչպես նաև Բաթվի ռազմական առավելության մասին խոսակցություններով բարոյալքելու փորձերը:
Միջազգային հզոր ճնշման մասին ենթադրությունները, որոնց բացարձակապես չենք հավատում, ոչ մի կերպ չեն նվազեցնում պաշտոնատար անձանց, տարաբևեռ քաղաքական ուժերի, ողջ հին քաղաքական վերնախավի հավաքական և անձնավորված պատասխանատվությունը:
Հիմնվելով վերը շարադրվածի վրա մենք կազմակերպել ենք բողոքի նախազգուշական նստացույց և վճռական ենք շարունակելու մեր պայքարը հնարավոր հակահայ զարգացումների պարագայում»,- նշում են հայտարարության հեղինակները:

Tekali Taxi