Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ չի եղել: Այս մասին «Московские новости»-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Հայաստանում ոչ մի արտաքին ազդեցություն չէր գործում, և այժմ էլ չկա: Հայաստանի ազգային կոնգրեսը արտաքին աշխարհի ոչ մի երկրի աջակցությունից չի օգտվում: Միգուցե և դա մեր թերությունն է, բայց մենք տեր չենք փնտրում, նման բան չի եղել և չի լինի, ինձ արտասահմանյան ուժերի կողմից նվիրած ոչ մի իշխանություն պետք չէ»,-հայտարարել է Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով` 2007-ին ինքը նոր պլատֆորմայով է եկել:
«10 տարի լռում էի: Կարծում եմ, որ նախկին նախագահները բացարձակապես չպետք է խառնվեն քաղաքականությանը: Ամբողջ աշխարհում դա այդպես է: Իհարկե, ինչ-որ բան կարող է դուր չգալ: Բայց երբ տեսնում ես, որ աչքերիդ առջև քո երկիրը, քո պետությունը ամբողջությամբ այլափոխվում է, այլևս չես կարողանում ձեռքերդ ծալած նստել: Վերջին տաս տարիների ընթացքում ոչ ոք չի կարողացել ձևավորել այս պետության մոդելը: Ես դա արել եմ 2007 թվականին, մինչ պաշտոնապես նախընտրական ընտրարշավի մեջ մտնելը: Ես տեսա, որ ոչինչ չի մնացել այն ամենից, ինչ մենք ունեինք 1998-ին, և նրանից, թե մեր խոհերում դեպի ուր էինք գնում 30 տարի: Ժողովրդավարության, ազատ շուկայի փոխարեն մենք մաքուր ավազակապետություն ենք ստեղծել: Քաղաքական իշխանության փոխարեն քրեական իշխանություն ենք ստեղծել:
Հայաստանում բուրգ է ստեղծվել, պետական իշխանությունը վերից վար կոռումպացված է: Ոչ մի պաշտոնատար անձ չկա, ով չունենա իր բիզնեսը: Ոչ մի քաղաքականություն, մաքուր քրեական հարաբերություններ: Պետության, ժողովրդի, բնակչության, ազգային հարստության անողոք թալան: Երկու բյուջե գոյություն ունի`պաշտոնական և ոչ պաշտոնական, որն իրենց գրպանն են դնում, ի դեպ երկրորդը երկու անգամ մեծ է: Դրան վերջ չկա:
Մեր ժամանակ նույնպես կոռուպցիա կար, ո՞վ է ժխտում: Կային անազնիվ պաշտոնյաներ: Մենք պայքարում էինք, որքան կարող էինք, պատերազմին զուգահեռ, և այլ խնդիրների լուծմանը համընթաց: Բայց այսպիսի համակարգային կոռուպցիա, ինչպիսին հիմա է, չկար: Տնտեսագետները երբեմն ցնցվում են, երբ ասում եմ, որ Հայաստանում ստվերային տնտեսություն չկա: Դա պարադոքս է: Ստվերային տնտեսությունը, դա տնտեսություն է, որը գտնվում է պետության վերահսկողության սահմաններից դուրս: Իսկ այդ տնտեսությունը ամբողջությամբ վերահսկվում է պետության կողմից: Դա ստվերային տնտեսություն չէ, դա պետական ռեկետ է»,-նշել է հայկական ընդդիմության առաջնորդը:
Տեր-Պետրոսյանի խոսքով` նարնջագույն են համարվում այն հեղափոխությունները, որոնք դրսից են հրահրվում:
Նա նշել է, որ երբ խոսում էին ուկրաինական նարնջագույն և վրացական «վարդերի հեղափոխությունների» մասին, նկատի ունեին, որ այդ հեղափոխությունների հետևում կանգնած է Ամերիկան:
«Դա այդպես չէ: Ոչ մի Ամերիկա չի կարող երկրում հեղափոխություն կազմակերպել: Նրանք կարող են ազդել իրավիճակի վրա ընդամենը 5 %-ով, ոչ ավելին: Եվ Ռուսաստանը նույնպես չի կարող: Երբ ասում են, որ Ամերիկան իշխանության է բերել Յուշենկոյին և Սահակաշվիլիին, ես դրան չեմ հավատում: Այդ ամենն ինքնաբերաբար կատարվեց, դա ժողովուրդն էր: Ես ամբողջությամբ չեմ հերքում արտաքին ազդեցությունը, բայց այն կարող է լինել 5 %-ի սահմաններում», – ասել է Տեր-Պետրոսյանը: