Home / Հայաստան / Պատգամավորին խնդրել են ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին հարց չուղղել

Պատգամավորին խնդրել են ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին հարց չուղղել

2010 թվականին ՀՀ իշխանություններն արգելել են «Ժառանգության» պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին մասնակցել ԵԽԽՎ աշխատանքներին: Արգելքը վերացավ այն ժամանակ, երբ Եվրոպայի Խորհուրդն անձամբ նախաձեռնեց, որպեսզի Փոստանջյանը մասնակցի աշխատանքներին: Այս մասին պատգամավորը հայտարարել է այսօր Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսին:

Հայաստանի իշխանությունները, Փոստանջյանի խոսքով, որոշել են փոխել քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում Փոստանջյանը Սերժ Սարգսյանին ուղղված հարցադրման մեջ նշել է, որ Հայաստանում ձևավորվել է ավտորիտար ռեժիմ, 1995 թվականից սկսած ընտրությունները կեղծվել են: «Ես կցանկանայի իմանալ, չե՞ք ցանկանում Դուք նախաձեռնել իրական բարեփոխումներ, միանալ Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրությանը, նախաձեռնել արտահերթ, արդար ընտրություններ և հեռանալ: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ավտորիտար ռեժիմները միևնույնն է` տապալվելու են, ավելի լավ կլինի կամովին հեռանաք, և դա մեր ժողովուրդը կընկալի և ճիշտ կընդունի», – հայտարարել էր Փոստանջյանը:

Սերժ Սարգսյանը պատասխանել էր, որ չի պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել Հայաստանում, որովհետև ոչ դրա անհրաժեշտությունը կա և ոչ էլ ՀՀ Սահմանադրությունն է հնարավորություն տալիս այդպես հեշտությամբ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Այդ պատասխանից հետո ասել, որ մենք ավելի ժողովրդավար ենք, քան Ադրբեջանի Հանրապետությունը կամ Թուրքիայի, ճիշտ չէ: Մենք խնդիր ունենք դառնալու իրապես ժողովրդավար պետություն, և հարց տալով չէ, որ մենք դարձել ենք ժողովրդավար պետություն կամ այդ ճանապարհին ենք», – հայտարարել է Զարուհի Փոստանջյանը:

Նա նաև մեկնաբանել է իր դաշնակցական գործընկեր Արմեն Ռուստամյանի հայտարարությունն այն մասին, որ «Դաշնակցությունը» երբևէ ներքաղաքական հարցերը լուծելու համար չի դիմել օտարերկրյա ուժերին: Փոստանջյանը նշել է, որ Հայաստանը ԵԽԽՎ լիարժեք անդամ է, ինչի համար ՀՀ քաղաքացիները վճարում են, «մենք հենց էնպես չենք այնտեղ անդամակցում, և դա մեր իրավունքն է օգտվել այդտեղի պաշտպանությունից»:

«Բոլորը գիտեն` ինչպիսի հետապնդումներ են իրականացվել իմ նկատմամբ, բոլորը նաև գիտեն` ինչպես էին նրանք խնդրում, որ ես հանեի հարցը, հարց չտայի», – ասել է Փոստանջյանը` հրաժարվելով ասել, թե կոնկրետ ով է նրան դիմել նման խնդրանքով:

Պատգամավորը ցավում է իր և իշխանությունների միջև պայմանավորվածության մասին խոսակցությունների համար: «Շատ լավ կլիներ Ռուստամյանն ասեր` իսկ ինքը ինչու հարց չտվեց: Ես շատ կուզենայի իմանայի, թե Ռուստամյանը, որ ընդդիմության ներկայացուցիչ է, ինչու հարց չտվեց», – եզրափակել է բանախոսը:

Tekali Taxi