Home / Հայաստան / «Արժանապատիվ տրանսպորտ»-ը մեկ ժամում 15 ստորագրություն է հավաքել ու դիմել ավտոկայան

«Արժանապատիվ տրանսպորտ»-ը մեկ ժամում 15 ստորագրություն է հավաքել ու դիմել ավտոկայան

«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր Երևան քաղաքի կենտրոնում ստորագրահավաք են կազմակերպել, որից հետո հավաքված 15 ստորագրություններով նամակ է ուղարկվել «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենին, որպեսզի իրենց ներկայացվեն բոլոր երթուղայինների չվացուցակները:

Epress.am-ի հետ զրույցում ստորագրահավաքի նախաձեռնող Արման Ղարիբյանը նշել, որ չվացուցակները ստանալուց հետո կսկսեն վերահսկել տրանսպորտի աշխատանքը:

«Մենք կսկսենք մոնիտորինգ անել, թե ինչպես է աշխատում հասարակական տրանսպորտը, հետևում են արդյոք նրանք ժամանակցույցին»,- ասել է նա:

Ստորագրահավաքը տևել է մեկ ժամ, որի ընթացքում հավաքվել է 15 քաղաքացու ստորագրություն:

«Այստեղ խնդիրը քանակի մեջ չէ, քանի որ յուրաքանչյուր անհատ իրավունք ունի իրեն հետաքրքրող տեղեկատվությունը ստանալ»,- ասել է Ղարիբյանը:

Նշենք նաև, որ մայիսի 15-ին Արման Ղարիբյանը գրավոր հարցում էր մուտքագրել Տրանսպորտի և կապի նախարարություն, որով խնդրել էր տրամադրել տեղեկություններ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող տրանսպորտի (բացառությամբ մետրոյի) փոփոխությունների/բարեփոխումների վերաբերյալ:

Նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանը պատասխանել է հետևյալը.

«Հայտնում ենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրանսպորտի բնագավառի օրենսդրությունը և դրանում կատարվող փոփոխությունները (նախագծերը) տեղակայված են www.mtc.am ինտերնետային կայք էջում»:

Նախաձեռնության անդամները նշում են, որ նախարարի տեղակալը, ըստ էության, չի պատասխանել իրենց հարցմանը, քանի որ իրենք չէին խնդրել տրանսպորտի բնագավառի օրենսդրությունը և դրանում կատարվող փոփոխությունները, այլ ցանկանում էին տեղեկանալ այդ տրանսպորտի ոլորտում սպասվող փոփոխություններին և բարեփոխումներին:

«Փաստորեն, խախտվել է քաղաքացու տեղեկատվություն ստանալու ազատության իրավունքը, որը երաշխավորված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով»,- նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

Tekali Taxi