Home / Հայաստան / Դիմելու է դատարան. Հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայհոյել է 62-ամյա բժշկուհուն

Դիմելու է դատարան. Հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայհոյել է 62-ամյա բժշկուհուն

«Ազգ» օրաթերթին ուղղված նամակում  62-ամյա բժշկուհի Լորա Մովսիսյանը պատմել է, թե ինչպես է Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանը սպառնացել և հայհոյել իրեն:

Մովսիսյանը պատմել է, որ ապրիլի 5-ին` իր ծծնդյան օրը, ավարտելով գործերը, անմիջական ղեկավարի թույլտվությամբ աշխատանքից դուրս է եկել մի փոքր շուտ: Նույն օրը երեկոյան ղեկավարը նրան զանգահարել է` տեղեկացնելու, որ գլխավոր բժիշկ Արա Ասոյանից խիստ նկատողություն է ստացել:

«Դա առաջին նկատողությունն էր: Մինչ այդ ստանում էի երախտագիտություններ ու պատվոգրեր»,- նամակում նշել է Մովսիսյանը:

Հաջորդ օրը նա տեղեկացել է, որ խիստ նկատողությունը չեղյալ է համարվել, Ասոյանն էլ բացատրություն է պահանջում ոչ սահմանված ժամին աշխատանքից հեռանալու մասին: Բժշկուհին գլխավոր բժշկի ընդունարանում բացատրագիր է գրել, սակայն երկու օր անց տեղեկացել է, որ դարձյալ արժանացել է խիստ նկատողության: Ասոյանին չի բավարարել, որ բժշկուհին ավարտել է իր աշխատանքն ու անմիջական ղեկավարից թույլտվություն ստանալով՝ նախատեսված ժամին մի փոքր շուտ է գնացել տուն:

«Գուցե, նա ճիշտ էր օրենքի տեսանկյունից, սակայն խոզի գրիպի համաճարակի ժամանակ, երբ պարոն Ասոյանը ելույթ էր ունենում բոլոր հեռուստաալիքներով, ես ու իմ գործընկերները միանգամայն անվճար մեկուկես ամսվա ընթացքում գրեթե առանց հանգստյան օրերի աշխատում էինք արտաժամ: Մեկ անգամ հերթապահությունից հետո Ասոյանի կարգադրությամբ ուղևորվեցի Երևանի երկու միջնակարգ դպրոցներ՝ անհայտ ծագման ցանով երեխաների հետազոտության: Այդ անգամ իմ աշխատանքային օրը տևեց 33 ժամ», – պատմել է բժշկուհին:

Մովսիսյանի ներկայացմամբ՝  Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները 5 տարվա ընթացքում աշխատանքային պայմանագրով գիշերային հերթապահությունների համար իրենց հասանելիք աշխատավարձը չեն ստացել:

«Դա կոչվում է «ընկերական ծառայություն» մատուցել գլխավոր բժշկին»,- նշում է Մովսիսյանը:

Բժշկուհին որոշել է դիմել դատարան՝ խիստ նկատողությունը բողոքարկելու և 5-ամյա հերթապահության և խոզի գրիպի համաճարակի ժամանակ արտաժամ աշխատանքի դիմաց օրենքով հասանելիք աշխատավարձը ստանալու նպատակով:

Նամակում Մովսիսյանը նաև նշում է, որ տեղեկանալով այն մասին, որ Մովսիսյանը դիմել է դատարան, Ասոյանը «ոտքի հարվածով ջարդեց դուռը, ներխուժեց բժիշկների սենյակ և մեկ ժամ իմ գլխին էր տեղում փողոցային հայհոյանքներ ու սպառնում ֆիզիկական հաշվեհարդար տեսնել»:

«Այդ ամենը տեղի էր ունենում իմ 4 գործընկերների աչքի առաջ: Այդ ընթացքում Ասոյանը ձգվում էր ինձ հարվածելու, բայց իմ գործընկերները կանգնում էին մեր միջև», – տեղեկացնում է բժիշկը:

Կատարվածի վերաբերյալ Մովսիսյանը հայտնում է ոստիկանությանը: Մի քանի օր անց բժշկուհուն ոստիկանությունից տեղեկացնում են, որ դուռը տեղում է, հետևաբար դատական գործը փակված է: Իր իրավունքների պաշտպանության նպատակով բժշկուհին նամակ է գրում դատախազություն, սակայն այնտեղից էլ հայտարարում են, որ գործը փակված է:

«Դատախազության որոշումը կարելի է վիճարկել միայն դատարանում: Ես ամենայն հավանականությամբ կդիմեմ այնտեղ, քանի որ հավատում եմ, որ մեր երկրում օրենքները գրված են բոլորի, նույնիսկ բաժանված կանանց համար, որ չունեն որդիներ, ովքեր կարող են պաշտպանել իրենց մայրերի պատիվը», – եզրափակում է բժշկուհին:

Tekali Taxi