Home / Հայաստան / «Հայաստանում տղամարդ չկա, սաղ կնիկ են». բողոքի ակցիա` կառավարության դիմաց

«Հայաստանում տղամարդ չկա, սաղ կնիկ են». բողոքի ակցիա` կառավարության դիմաց

Այսօր Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները, ովքեր արդեն վեց ամիս է՝ անդադար պայքարում են Երևանի քաղաքապետարանի որոշման դեմ, ըստ որի պետք է վերացնել բացօթյա առևտուրը: Մարդիկ պնդում են, որ իրենք ճարահատյալ են զբաղվում բացօթյա առևտրով, քանի որ ապրուստի այլ միջոց չունեն:

Epress.am-ի հետ զրույցում բացօթյա առևտրով զբաղվող նախկին վաճառական,  Առևտրի տնտեսագիտական բաժինն ավարտած 75-ամյա Լյովա Ուլիխանյանը, հեգնելով, ասել է, որ քանի որ իրեն արգելում են հացի փող աշխատել, ինքը աղբի համար նախատեսված արկղերից է իրեն ապրուստ հայթայթում:

«Նախագահը` գող, վարչապետը` գող, քաղաքապետը` գող, մենք էլ` խեղճ ու կրակ, ընկել ենք գողերի ձեռը: Ես ամեն ինչ էլ աշխատել եմ, մի ժամանակ փողոցում էի աշխատում, էնտեղ էլ արգելեցին: Հիմա էն զիբիլի յաշիկները, որ ժողովուրդն իրար մեջ բաժանել են, մեկն էլ ես եմ վերցրել, գնում եմ, ինչ բերում-քցում են, ես էլ վեկալում եմ մեջից: Էս հարցի լուծումը ես փակված եմ համարում, որովհետև գողերը չեն թողնում: Էնքան պիտի ապրեմ, մինչև շունչս փչի: Իրանց գումար ա պետք, փոքր երկիր ա, մաֆիայի երկիր ա»,- պատմել է մեր զրուցակիցը:

Ուլիխանյանը բողոքում էր ոչ միայն ներկայիս գործող իշխանություններից, այլ նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից. «Քոչարյանը տապչկաներով Ղարաբաղից եկավ, ստեղ 10 տարվա մեջ 6 միլիարդ դոլարի կապիտալ ունի, դե գնացեք ասեք՝ որտեղի՞ց քեզ էդքան փող: Ինքն ու տղեն, էս ժողովրդին թափ տալով, որս են անում Աֆրիկայում: Էդ որտեղի՞ց քեզ էդքան փող՝ հորդ ապրանքն ա՞, թե՞ պապինդ: Նույնիսկ չենք իմանում՝  ինչ ազգ ա: Ավազակախմբի դեմ կարա՞ս, ոչինչ չես կարա անես: Երբ էտի հայտարարեց, որ Հայաստանում տղամարդ չկա, թե կա, թող իմ դեմը կանգնի, ճիշտ էր ասում, Հայաստանում չկա տղամարդ, բոլորը կնիկ են: Ափսոս, երնեկ լինեի 40 տարեկան, ոչ թե 75»:

Առևտրականները, միմյանց ընդհատելով, բողոքում էին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից, ով, վերջիններիս խոսքով, ասել է՝ մենակ իմ դիակի վրայով բացօթյա առևտուր կանեք:

«Բա դա պաշտոնավորի խո՞սք ա: Ես ոնց կարամ դրանց դեմը պայքարեմ, սաղ իրանցն ա, ի՞նչ պիտի անի էս խեղճ ժողովուրդը, մեզ լցրել են բանկեն, փակել են: Նախագահն էլ աչքերը փակել ա, բան չի տեսնում, խի՞ չի տեսնում, լավ էլ տեսնում ա: Ուզում են, որ բողոքավոր մասսան գնա, որ հանկարծ հեղափոխություն չլինի»,- ասում էին բողոքողները:

Tekali Taxi