Home / Հայաստան / Երևանում ստիպում են օգտվել թանկացած մետրոյից

Երևանում ստիպում են օգտվել թանկացած մետրոյից

Արտաշատ քաղաքից Երևան եկող միջքաղաքային տրանսպորտը, որի կանգառը գտնվում է «Ռոսիա» առևտրի կենտրոնի ետնամասում, վաղվանից այլ կանգառ է ունենալու:

Epress.am-ի հետ զրույցում Արտաշատից եկող ուղևորներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, պատմել է, որ վաղվանից իրենց կանգառը տեղափոխվելու է Երևանի «Գործարանային» կամ «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանների հարակից տարածք:

«Երբ մենք բողոքեցինք, վարորդն ասաց, որ ինքը մեղք չունի, երեկ իրենց տուն են այցելել մարզային ոստիկանները և զգուշացրել, որ այսուհետ փոխվում է երևանյան կանգառի տեղը: Վարորդն ուղևորներին ասել է՝ «Ժողովուրդ ջան, ես մեղք չունեմ, մետրոյի համար են արել»,- պատմել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝  դա արվում է, որպեսզի մետրոյից օգտվողների թիվը ուղեվարձի գնի թանկացման պատճառով չնվազի, և «մարդիկ ուզած-չուզած օգտվեն դրանից»:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ` այս տարվա հուլիսի 1-ից մետրոյի ուղեվարձը նախկին 50 դրամից դարձել է 100 դրամ: Այս որոշումը հունիսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսին քաղաքապետ Կարեն Կարապետյանը բացատրել է նրանով, որ այս ձևով քաղաքապետարանը մտադիր է նպաստել Երևանի մետրոպոլիտենի զարգացմանն ու ներուժի առավելագույն օգտագործմանը, ինչպես նաև, որ Մետրոպոլիտենը կդառնա ինքնաֆինանսավորվող կառույց:

Երևանի մետրոպոլիտենից տարեկան օգտվում է 20 մլն. ուղևոր, ինչը կազմում է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղևորների 5-6%-ը:  2010թ. ՀՀ պետբյուջեից երևանյան մետրոպոլիտենին հատկացրած դոտացիան կազմել է 1 մլրդ 845 մլն դրամ:

Հիշեցնենք նաև, որ այս տարվա փետրվարին ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը Ազգային Ժողովի հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր, որ աշխարհում մետրոպոլիտենը համարվում է վնասով աշխատող և սոցիալական տեսանկյունից անհրաժեշտ տրանսպորտային միջոց, որի պատճառով այն 65 տոկոսը պետական բյուջեից միջոցներ է ստանում, 35 տոկոսը սակագնի միջոցով է, որը 50 դրամ է, սակագնի միջոցով է ծածկվում:

Երևանի բազմաթիվ քաղաքացիներ իրենց դժգոհությունն են հայտնել ուղեվարձի թանկացման առթիվ, այդ թվում` ակցիաներ կազմակերպելով և ուղևարձի թանկացման դեմ խումբ ստեղծելով Facebook-ում:

Tekali Taxi