Home / Հայաստան / Ռուսաստանում ի պաշտպանություն վրացի ֆոտոլրագրողների ակցիա կանցկացվի

Ռուսաստանում ի պաշտպանություն վրացի ֆոտոլրագրողների ակցիա կանցկացվի

Ուրբաթ Մոսկվայում`Վրաստանի դեսպանատան դիմաց ակցիա տեղի կունենա` ի պաշտպանություն լրտեսության մեջ մեղադրվող վրացի ֆոտոլրագրողների:

Ակցիայի նախաձեռնողների կարծիքով, Իրակլի Գեդենիձեի, Գի Աբդալաձեի և Զուրաբ Կուրցիկիձեի ձերբակալությունը «լրագրողական ֆոտոնյութերի տարածման համար իրականացվող հետապնդումների արդյունքն է», իսկ ֆոտոլրագրողների առնչությունը լրտեսության հետ պարզապես անհեթեթություն է:

«Վրացական իշխանությունների կողմից ներկայացված «լրտեսության» փաստերը անհեթեթություն են: Իբրև թե ֆոտոլրագրողները գումարներ են փոխանցել Ֆրանկֆուրտից, և դա ներկայացվում է որպես մեղադրյալներից մեկի խոստովանություն»,-ասել են ձերբակալված ֆոտոլրագրողներին պաշտպանող գործընկերները:

Ակցիայի կազմակերպիչները ենթադրում են, որ ֆոտոլրագրողների հետապնդումները իրականում կարող է պայմանավորված լինել 2011 թվականի գարնանը Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանման հարցում անկախ դիրքորոշման հանդեպ վրացական պաշտոնյաների դժգոհությամբ:

Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջին ձերբակալվել են մի շարք ֆոտոլրագրողներ, որոնց թվում են Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն և նրա կինը` Նատիա Գեդենիձեն, ինչպես նաև Վրաստանի ԱԳ նախարարության ֆոտոլրագրող Գեորգի Աբդալաձեն և Եվրոպական ֆոտո գործակալության աշխատակից Զուրաբ Կուրցիկիձեն:

Ձերբակալվածները մեղադրվում են հատուկ ծառայությունների հովանու ներքո ի վնաս Վրաստանի շահերի գործող կազմակերպությանը տարբեր բնույթի տեղեկատվություն հաղորդելու մեջ: Սույն գործով հետաքննություն է ընթանում:

Վրացական իշխանությունների հաղորդագրությունների համաձայն, Գեդենիձեն և նրա կինը` Նատիան խոստովանել են իրենց մեղքը: ՆԳ նախարարությունը տարածել է նաև բացահայտված փաստերի մի մասը: Գեդենիձեն, Աբդալաձեն և Կուրցիկիձեն Թբիլիսյան քաղաքային դատարանի կողմից երկամսյա նախնական կալանքի են դատապարտվել: Գեդենիձեի կինը ազատ է արձակվել գրավի դիմաց, հայտնում է «Газета.Ru»-ն:

Tekali Taxi