Home / Հայաստան / Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի գործով առայժմ չեն հարցաքննվելու. ՀՔԾ

Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի գործով առայժմ չեն հարցաքննվելու. ՀՔԾ

Մարտի 1-ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար, ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի տեսանյութերի վերաբերյալ համակարգչատեխնիկական մասնագիտական փորձաքննության արդյունքում արձանագրվել է, որ նույնացման համար պիտանի կադրեր չկան:

Այսօր Մարտի 1-ի քրեական գործի բացահայտման վերավերյալ բաց դռների շրջանակներում տեղի է ունեցել Վահագն Հարությունյանի և Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության օրինականության հսկողություն իրականացնող դատախազ, գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանի հերթական հանդիպումը լրագրողների հետ:

Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ հարցաքննվել է այն անձը, ում անվամբ Youtube տեսանյութերի կայքում գրանցված է այդ հասցեն, որի արդյունքում պարզվել է, որ, բաժանորդից բացի, նույն հասցեից օգտվում են բազմաթիվ այլ անձինք, և ըստ հասցեի տիրոջ ցուցմունքի` նա չի կարող ասել, թե ովքեր են տեղադրում այդ տեսանյութերը:

«Թողնենք տեղադրողի խղճին, եթե գտնեն նպատակահարմար, և եթե կան կադրեր, որոնք իսկապես կան և մինչ այսօր չեն քննարկվել, կարող են ներկայացնել նախաքննությանը՝  առավել մանրակրկիտ դրանք հետազոտելու և դրանց արդյունքները գնահատելու համար»,- ասել է Վահագն Հարությունյանը:

«Պարզել, թե ով է տեղադրում այդ տեսանյութերն, անհրաժեշտ է առաջին հերթին նոր ապացույցներ ձեռք բերելու նպատակով և դրանց աղբյուրները ստուգելու համար»,- ասել է նա:

Ըստ քննիչի` տեսանյութ տեղադրելը հանցանք չէ: Նա նշել է, որ նպատակներից մեկն այն է, որ տվյալ տեղադրողին հորդորեն անհիմն, ոչ կոմպետենտ մեկնաբանություններ չտեղադրել, ինչպես նաև «հանրությանն անիմաստ տեղը թյուրիմացության մեջ գցելուց զերծ պահելը»:

Քննիչն ասել է, որ մինչ այսօր հարցաքննվել է 140-143 մարդ, որոնց պատասխանները կրել են ընդհանուր նկարագրական բնույթ, ոչ մի առարկայական փաստարկ, հիմնավորում՝ կապված տասը անձնանց մահվան դեպքերի հետ, չեն բերվել:

Վահագն Հարությունյանն ասել է, որ այս պահի դրությամբ չեն հարցաքննվելու ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը:

Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության օրինականության հսկողություն իրականացնող դատախազ Հարություն Հարությունյանն էլ, իր հերթին, նշել է, որ դատախազության կողմից հսկողություն է իրականացվում նախաքննության օրինականության նկատմամբ, կատարվում են վարկածների առաջադրումներ և դրանց ստուգումներ:

«Կարող եմ որպես դատախազ հավաստիացնել, որ քննչական խումբն անում է ամեն ինչ, ժամանակը ցույց կտա հնարավոր բոլոր գործողությունների ավարտից հետո»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Ավետիս Ավագյանը հարցաքննվել է Մարտի 1-ի» քրեական գործի շրջանակներում: Նրան հարցաքննելու անհրաժեշտությունն առաջացել է Մարտի 1-ի վերաբերյալ վիդեոհոսթինգում տեղադրվող նյութերի կապակցությամբ:

Tekali Taxi