Home / Հայաստան / Իշխանություններին պետք է ցույց տալ երկխոսության իմիտացիա. ՀԱԿ-ը` հանդիպման մասին

Իշխանություններին պետք է ցույց տալ երկխոսության իմիտացիա. ՀԱԿ-ը` հանդիպման մասին

ԵԽ-ի համազեկուցողների այցից առաջ իշխանություններին անհրաժեշտ է նման կեցվածք դրսևորել և երկխոսության իմիտացիա ցույց տալ, սակայն Հայ Ազգային Կոնգրեսին կոնկրետ արդյունք է հարկավոր: Այս մասին «Էրեբունի» հյուրանոցի Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահում Հայ Ազգային Կոնգրեսի և իշխող կոալիցիայի` մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Կոնգրեսի պատվիրակության անդամ Դավիթ Շահնազարյանը:

«Մենք չենք բացառում, որ իշխանությունները, հնարավոր է, ժամանակ ձգձգեն այս բանակցություններում, բայց մեզ պետք է կոնկրետ արդյունք, որը կլինի ճգնաժամից դուրս գալ արտահերթ ընտրություններով: Ես գիտեմ, որ դա տեղի է ունենալու: Այս ֆորմատով, թե այլ ձևով` ժողովրդի ճնշման միջոցով», – ասել է Շահնազարյանը:

«Ես կնախընտրեի, որ դա տեղի ունենար երկխոսության և բանակցությունների միջոցով: Իշխանություններին պետք է ցույց տալ երկխոսության իմիտացիա, բայց մենք հստակ ասել ենք, որ բոլոր հարցերը մինչև սեպտեմբեր պետք է լուծվեն», – հավելել է Կոնգրեսի ներկայացուցիչը:

Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով` այսօր որևէ քննարկում օրակարգի ձևավորման մասին չի եղել:

«Ուժի մեջ է մնում այն պատկերացումը, որը կիսում ենք նաև մենք, որ բանակցությունների սեղանին պետք է բերել այն լուծումները, որոնք ամեն կողմը պատկերացնում է: Այսինքն` մենք ունենք մեր լուծումը` դա նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Դա այն լուծումն է, որ մենք բերում ենք բանակցության սեղանին, բայց մենք նաև համաձայնել ենք, որ կա իրավահավասարություն: Իրենք էլ կարող են բերել  իրենց լուծումները»,- ասել է Զուրաբյանը:

Նրա խոսքով` իշխանությունները դեռ որևէ լուծում քննարկման համար բանակցությունների սեղանին չեն դրել:

Ինչ վերաբերում է երկխոսության զարգացմանը, ապա, ըստ Զուրաբյանի, սա այն ձևաչափը չէ, որով կարելի է ծավալել արդյունավետ երկխոսություն:

«Սակայն նրանց պատվիրակության կողմից եղան հայտարարություններ, որով բացահայտվում են նոր հանգամանքներ, այսինքն` նրանք իրականում ունեն շատ ավելի լայն լիազորություններ, և մենք սպասում ենք այդ լիազորությունների մասին հստակ հայտարություններին: Որովհետեև մենք չենք կարող առաջնորդվել մեր որոշումների մեջ այդ հանդիպման ընթացքում նրանց կատարած հայտարարություններով, մինչև այդ հայտարարությունները չդառնան հանրության սեփականություն», – եզրափակել է Զուրաբյանը:

Նշենք, որ Կոնգրեսի ներկայացուցիչներն առաջարկել են հաջորդ հանդիպումները հեռարձակել ուղիղ եթերով կամ, դա չանելու դեպքում, թույլ չտալ լրագրողներին ներկա գտնվել սրահում, որպեսզի հանրությանը հեռուստացույցով ապատեղեկատվություն չմատուցվի:

Tekali Taxi