Home / Հայաստան / Արոնյան. Ադրբեջանի հետ հանդիպումը մեզ համար սովորական խաղ է

Արոնյան. Ադրբեջանի հետ հանդիպումը մեզ համար սովորական խաղ է

Չինական Նինբոյում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության նախավերջին փուլում Ադրբեջանի հավաքականի հետ հանդիպմանը հայաստանյան թիմը պատրաստվում է այնպես, ինչպես մնացած բոլոր խաղերին: Այս մասին Azerisport-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հավաքականի շախմատիստ Լևոն Արոնյանը:

«Ադրբեջանի հավաքականի հետ հանդիպումը մեզ համար սովորական խաղ է: Գիտեմ, որ հաղթել են Ռուսաստանի հավաքականին: Չեմ թաքցնի, որ որպես հակառակորդ, հետևում էի ձեր գրոսմայստերների խաղին: Բայց մեզ համար, պետք է կրկնվեմ, դա սովորական խաղ է, որը չի տարբերվում այս մրցաշարի նախկին հանդիպումներից»,- նշել է գրոսմայստերը:

Մեկնաբանելով Ադրբեջանի հավաքականի առաջին տախտակին Շահրիար Մամեդյարովի փոխարինումը Թեյմուր Ռաջաբովով, Արոնյանը հայտարարել է, որ իր համար միևնույն  է, թե ում հետ է խաղում. «Երկու շախմատիստներն էլ բավական փորձառու են: Ձեր հավաքականն առհասարակ շատ լավ պատրաստված շախմատիստներ ունի: Ցանկանում եմ հատկապես ընդգծել 2700-ից ավել վարկանիշ ունեցող առաջին եռյակին»:

Արոնյանը նշել է նաև, որ դեպի մրցաշարի հաղթանակ տանող ճանապարհին խոչընդոտ կարող է հանդիսանալ ցանկացած երկիր: «Նինբո են ժամանել շատ ուժեղ թիմեր: Պետք է ռեալ գնահատել ցանկացած թիմի հնարավորությունները: Թերևս միայն Եգիպտոսին կարելի է ակնհայտ հետնապահ անվանել, մնացած բոլոր թիմերը կարող են խնդիրներ ստեղծել: Մնացած երեք տուրերը (հարցազրույցի հրապարակման պահին երկու տուր է մնացել- Epress.am) կարևոր են մեզ համար: Մենք պետք է հաղթենք առաջիկա բոլոր հանդիպումներում, որպեսզի չեմպիոն դառնանք: Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ Ադրբեջանի հետ հանդիպման կարևորությունը մեծանում է»:

Հուլիսի 25-ինմրցաշարային աղյուսակի առաջատար Հայաստանի հավաքականը հանդիպում է 7-րդ հորիզոնականում գտնվող Ադրբեջանի հետ: Հաղթանակը հնարավորություն կտա մեր թիմին մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ տոնել չեմպիոնությունը:

Tekali Taxi