Home / Հայաստան / Հետաձգվեց. ԱՄՆ-ն Հայաստանում դեսպան չի ունենա առնվազն մինչև աշուն

Հետաձգվեց. ԱՄՆ-ն Հայաստանում դեսպան չի ունենա առնվազն մինչև աշուն

Հուլիսի 26-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հետաձգել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջոն Հեֆերնի (լուսանկարում) այդ պաշտոնում հաստատման հարցը դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող սենատոր Ռոբերտ Մենենդեսի առաջարկությամբ, հաղորդում է Ամերիկայի հայկական ասամբլեան:

Հեֆերնի թեկնածության քննարկման հարցը վերջին պահին էր ընդգրկվել օրակարգում, սակայն կոմիտեի անդամները գործն այդպես էլ չեն հասցրել քվեարկության: Ինչպես Ամերիկայի հայկական ասամբլեայի անդամների հետ զրույցում նշել է Ռոբերտ Մենենդեսը, ինքը լսումների ժամանակ պահանջել է ժամանակ տրամադրել սենատորների կողմից նախապես ուղարկված հարցերին Հեֆերնի պատասխաններն ուսուսմնասիրելու համար:

Հեֆերնի թեկնածության քննարկման ժամանակ Մենենդեսն անդրադաձել է նաև ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության փաստը չճանաչելու խնդրին:

«Եթե մենք չընդունենք անցյալը, մենք չենք կարող առաջ շարժվել: Դժվար է պատկերացնել, որ մենք դիվանագետներ ենք ուղարկում մի երկիր, ուր նրանք գնում են` հարգելով Ցեղասպանության զոհերի հիշատակը, սակայն մենք չենք կարողանում օգտագործել «ցեղասպանություն» բառը», – ասել է սենատորը:

Հեֆերնի թեկնածության քվեարկության հետաձգումը նշանակում է, որ Միացյալ Նահանգները Հայաստան դեսպան չեն ուղարկի մինչև աշուն: Ամերիկայի հայկական ասամբլեան նշում է, որ, համաձայն որոշ աղբյուրների, Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի հաջորդ նիստը կարող է անցկացվել սեպտեմբերին, որի ընթացքում հերթական անգամ կքննարկվի Հեֆերնի թեկնածությունը:

Լուսանկարը` nato.int

Tekali Taxi