Home / Հայաստան / Մարտի 1-ին հատուկ միջոցների կիրառումն օրինաչափ է եղել, համոզված է քննչական խմբի ղեկավարը

Մարտի 1-ին հատուկ միջոցների կիրառումն օրինաչափ է եղել, համոզված է քննչական խմբի ղեկավարը

2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո Գրիգոր Լուսավորիչ փողոցում,Մաշտոցի պողոտայում և Լեոյի փողոցում հայտնաբերվել է ընդհանուր թվով 1772 արձակված պարկուճ, որից 340-ը արձակվել են չպարզված զենքերից:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար, ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Վահագն Հարությունյանը:

Նրա խոսքով` այդ պարկուճներն արձակվել են ոչ ոստիկանական սպառազինությունում եղած զենքերից:

Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ անցկացված փորձաքննության ընթացքում հետազոտման են ենթարկվել շուրջ 200 միավոր զենքեր, որոնք առգրավվել են ՀՀ ոստիկանության զորքերից:

«Զուգահեռ լրացուցիչ հարցաքննվում են նաև ոստիկանության ծառայողները, այսինքն` այդ օրը ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցները: Հարցաքննությունների թիվը ընդհանուր առմամբ արդեն 200-ի մոտ է, դրանք շարունակվում են: Եղածը կրկին անգամ հստակեցնելու, ճշտելու և տարածված այդ տեսանյութերի (հավանաբար, նկատի ունի martimek2008 օգտատիրոջ կողմից այս տարի YouTube-ում տեղադրված 4 տեսանյութերը – Epress.am) հետ կապված հարցաքննություններ են իրականացվում»,- ասել է Վահագն Հարությունյանը:

Ինչ վերաբերվում է մարտի մեկի 10 զոհերի մահվան հանգամանքներին, Վահագն Հարությունյանը նշել է, որ քննչական խումբն այդ հարցում դեռևս որևէ նոր փաստ չունի:

Հարությունյանը հավելել է, որ նախաքննությունը և օպերատիվ որոնողական աշխատանքները այդ ուղղությամբ շարունակվում են և դեռ կշարունակվեն:

Խոսելով նաև ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու մասին` Վահագն Հարությունյանը նշել է, որ մարտի 1-ին հատուկ միջոց կիրառելու հրաման եղել է, որը բխել է «ՀՀ ոստիկանության մասին» և «Զենքի մասին» օրենքների պահանջներին համապատասխան:

«Հատուկ միջոցներ կիրառելը եղել է օրինաչափ», – ասել է Հարությունյանը:

Tekali Taxi