Home / Հայաստան / Կենտրոնի բնակիչներն ընդդեմ գործարարի. Թաղապետը խոստանում է լուծում տալ խնդրին

Կենտրոնի բնակիչներն ընդդեմ գործարարի. Թաղապետը խոստանում է լուծում տալ խնդրին

Երեկ՝ օգոստոսի 4-ին, Կողբացի 42, Պուշկինի 40, Տերյան 23, 25 Լալայանց 37 շենքերի բնակիչները հանդիպել են Երևանի կենտրոնի թաղապետ Գագիկ Գյանջումյանի հետ, ով վերջիններիս տեղեկացրել է, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը խոստացել է զբաղվել իրենց խնդրով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է  վերոնշյալ շենքերի բնակիչների խնդիրներով զբաղվող Վարդան Գերավետյանը:

Բողոքող բնակիչների բակում գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ընկերությունը բարձրահարկ շենքի կառուցապատում է իրականացնում, որի հետևանքով երեխաները զրկվել են բակում խաղալու հնարավորությունից:

«Ճիշտն ասած, միայն ինձ էին հրավիրել հանդիպման, սակայն ես մենակ չգնացի, յուրաքանչյուր շենքից մի-մի ներկայացուցիչ եկել էր: Թաղապետն ինձ ասաց, որ չէր կարծում՝ այդքանով կգնանք, բայց ես չեմ սիրում ինձ գերագնահատել, եթե թաքուն բան չեմ անում, ինչի՞ մենակ գնամ, թող գան, բոլորն էլ լսեն, որ հանկարծ հետո խնդիրներ չառաջանան»,- ասել է մեր զրուցակիցը:

Գերավետյանի փոխանցմամբ` թաղապետն իրենց հայտնել է, որ խնդիրները քննարկելու համար իրենք սպասում են Սամվել Մայրապետյանի՝ Հայաստան վերադառնալուն:

«Դրական կողմն այն է, որ մեզ խոստացել են, որ այսուհետ մեր բարձրացրած խնդրին վերաբերող ցանկացած հանդիպում-քննարկմանը կարող է ներկա գտնվել մեր ներկայացուցիչը»,- նշել է Գերավետյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին քաղաքապետի՝ Կենտրոն կատարած շրջագայության ժամանակ բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել, որը փորձել էին խոչընդոտել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը և նրա աշխատակազմի անդամները: Սակայն բնակիչները կարողացել էին հանդիպել և իրենց խնդիրը ներկայացնել Կարեն Կարապետյանին:

Tekali Taxi