Home / Հայաստան / Բողոքի ակցիա. Ավագանու ՀՀԿ-ական անդամն առաջարկել է դիմել Լևոն Տեր-Պետրոսյանին

Բողոքի ակցիա. Ավագանու ՀՀԿ-ական անդամն առաջարկել է դիմել Լևոն Տեր-Պետրոսյանին

Այսօր վաղ առավոտից Երևանի քաքաղապետարանի մոտ էին հավաքվել բազմաթիվ կրպակատերեր, որոնք բողոքում էին իրենց կրպակները ապամոնտաժելու Երևանի քաղաքապետարանի որոշման դեմ:

Այս խնդրի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար քաղաքապետարան էին մտել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը և Արմեն Մարտիրոսյանը:

Քաղաքապետարանի շենքի մոտ գտնվող Epress.am-ի թղթակիցը փոխանցում է, որ մինչ պատգամավորները զրուցում էին քաղաքապետի հետ, դրսում հավաքված բողոքավորները կարողացան «զրույցի հրավիրել» ավագանու արտահերթ նիստի ավարտից հետո շենքից դուրս եկած ավագանու ՀՀԿ-ական անդամներ ճարտարապետ Լևոն Իգիթյանին և երգահան Մարտին Վարդազարյանին:

Առևտրականներից մի տարեց մարդ հարցրեց, թե տեղյա՞կ է արդյոք ճարտարապետը, որ քաղաքում ցանկանում են ապամոնտաժել առևտրի փոքր կրպակները:

Իգիթյանը պատասխանել է` ինքը տեղյակ է, որ «քաղաքում պիտի կարգուկանոն լինի, և  երբ որ աշխատատեղեր են պակասում, պիտի ցիվիլ ձևով աշխատատեղեր ստեղծեն»:

«Ես չեմ եկել վիճելու, ես իմ կարծիքն եմ ասում, մայրաքաղաքում պիտի ամեն ինչ համապատասխան տեսք ունենա»,- ասել է Իգիթյանը:

Կրպակատերերը դժգոհել են, թե այդ դեպքում քաղաքապետը կարող է ասել` «գեղեցիկ սարքեք», բայց ոչ թե քանդի կրպակները:

Իգիթյանը բողոքավորներին տեղեկացրել է, որ այսօր նոր մարդ է ընդունվել քաղաքի  գլխավոր  դիզայների պաշտոնում` այդ հարցերը լուծելու համար: Այնուհետև տարեց կրպակատերերից մեկը` դիմելով Իգիթյանին ասել է.

«Առաջ թերթի բուդկաներ ունեինք չէ՞, հիմի էդ թերթի բուդկաները դառել են «ամեն ինչի բուդկա»: Գնացի, հարցրի,  բա խի՞ սրանց ձեռք չեք տալիս, ասում ա` սա Սերժի փեսայաինն ա», – նշել է պապիկը` չպարզաբանելով, թե ում է ինքը հարցրել և ով է իրեն նման պատասխան տվել:

Լևոն Իգիթյանը բարձր ձայնով պատասխանել է տարեց մարդուն. «Սուտ են ասում: Ես հաստատ գիտեմ, որ դա սուտ ա»:

Առևտրականը պնդել է.  «Հազարի եմ հարցրել, սուտ չեն ասում»:

Իգիթյանը կրկին հակադարձել է, որ «հաստատ գիտեմ, սուտ է»` նկատի ունենալով, որ դրանք Սերժ Սարգսյանի փեսային չեն պատկանում:

Երգահան Վարդազարյանին կրպակատերերն ասել են, որ այս ամենը դիտավորությամբ է արվում, որ «ժողովրդին հանեն իրանց դեմ»:

Երբ Վարդազարյանը հետաքրքրվել է, թե ո՞վ է ցանկանում, որ ժողովրդին վատ լինի, հավաքվածները միաբերան պատասխանել են` «քաղաքապետը»:

Առևտրականների հետ զրույցի ընթացքում Մարտին Վարդազարյանը նաև ասել է. «Էս բոլորը որտեղից սկսվեց. որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր` հարևաններից, բարեկամներից պարտք վեկալեք, ապրեք»:

«Լավ ա արել, ասել ա, էն ժամանակ տեղ ունեինք պարտքով վերցնելու, բա հիմա ի՞նչ անենք», – պատասխանել է միջին տարիքի մի կին:

Կրպակատերերը շարունակել են Վարդազարյանին «հարցախեղդ» անել.

«Ուր ա՞ Մոնումենտի այգին, ինչի՞ համար են հյուրանոց սարքել, Արաբկիրի այգին ո՞ւր ա՞, ավագանի եք, ինչո՞ւ դուք չեք ասում մի բան».

Հարցերին ի պատասխան` Վարդազարյանը կրկին հիշել է ՀՀ առաջին նախագահին. «Էդ հարցով Լևոն Տեր-Պետրոսյանին դիմեք»:

«Էդ գնա Քոչարյանին ու Սերժին ասա, հասկացա՞ր, ումն ասես», – Վարդազարյանին հակադարձել է կրպակատերերից մեկը:

Աղմկոտ զրույցը շուտով ավարտվել է, ավագանու անդամները հեռացել են, իսկ  քաղաքապետարանից դուրս են եկել «Ժառանգության» պատգամավորները:

«Վաղը կամ մյուս օրը կխնդրենք, որպեսզի ձեզանից մի քանի ներկայացուցիչ ձևավորի պատվիրակություն, որը կներկայացնի ձեր բոլոր խմբերին և հետո քննարկում նշանակվի: Մենք, իհարկե, փորձեցինք համոզել, որ մինչև քննարկումը որևէ մեկի կրպակի նկատմամբ որևէ գործողություն չկատարվի: Պարոն քաղաքապետը, իհարկե, խոսք չտվեց, դա անկեղծ ասեմ, և, այնուամենայնիվ, մենք պիտի արագացնենք և փորձենք այդ քննարկման ընթացքում համոզել [որպեսզի կրպակները չապամոնտաժեն]», – իրենց հանդիպման արդյունքները կրպակատերերի հետ զրույցում ամփոփել է Սաֆարյանը:

Tekali Taxi