Home / Հայաստան / Հայաստանում, Ռուսաստանում և անգամ Մերձբալթյան երկրներում խորհրդային մարդիկ են ապրում

Հայաստանում, Ռուսաստանում և անգամ Մերձբալթյան երկրներում խորհրդային մարդիկ են ապրում

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չէր ձերբակալի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին, եթե 101 տոկոսով համոզված չլիներ հաջողության մեջ, իսկ դա նշանակում է անպատժելիություն: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում գրել է հրապարակախոս Լեոնիդ Ռադզիխովսկին:

Վերլուծելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, որտեղ, հրապարակախոսի գնահատականով, Վիկտոր Յանուկովիչը ցանկանում է մարգինալացնել ընդդիմությանը, Ռադզիխովսկին համեմատականներ է տանում նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունների հետ:

Ռուսաստանը, Ռադզիխովսկու կարծիքով, հատուկ ուղի ունի` դա Պուտինն է:

«Բելառուսի մասին ի՞նչ խոսենք` Բատկան է: Միջին Ասիա, Ղազախստան` ամեն ինչ պարզ է: Ադրբեջանում ժառանգական իշխանություն է…

Վրաստանում, խոսք չկա, ուժեղ առաջնորդ է: Ի դեպ, ԱՄՆ-ի, Լուկաշենկոյի, Իրանի և Իսրայելի ընկերն է: Միևնույն ժամանակ, այնտեղ ընդդիմությունը մարգինալ է, հեռուստաեթերը վերահսկվում է, ՆԳՆ-ն ամենազորն է:

Հայաստանում ժողովրդավարության մասին, եթե հավատանք լրատվամիջոցներին, կարելի է շատ բան պատմել: Ընդդիմության ներկայացուցիչներին ծեծելու և ձերբակալելու փաստերի մասին, «իշխանության մաֆիոզության» և այլն… Չնայած պարբերաբար տեղի է ունենում նախագահների փոփոխություն…

Մոլդովա… Ես չեմ հասկանում` ինչ ժողովրդավարություն է այնտեղ, բայց ամեն ինչից դատելով` այնտեղ ընտրում են կոմունիստների և ծայրահեղ ազգայնականների միջև:

Մեր եվրոդեմքը Մերձբալթյան երկրներն են: Նրանց մոտ ավելի ազնիվ ընտրություններ են և ավելի ազնիվ, քան ԱՊՀ-ում դատարաններ: Բայց կան այլ խնդիրներ, որոնցից մեկը` խուլ, գավառային ազգայնամոլությունն է, որը հասնում է «ռուսոֆոբիայի»:

Տարբեր լեզուներ. տարբեր աշխարհագրություն: Տարբեր կրոններ, էթնոսներ, գենոտիպեր, ֆենոտիպեր, ՀՆԱ-ի տարբեր մակարդակ: Իշխանության ձևերն էլ են տարբեր: Սակայն ինչ-որ ընդհանուր բան կա: «Մարդկանց նոր ընդհանրություն` խորհրդային ժողովուրդ»: Պարզվում է` դրանք դատարկ խոսքեր չէին: Այդ խոսքերն ինչ-որ իրականություն են արտացոլում: Կա այդ ընդհանրությունը: Ոչ թե մշակույթի, գաղափարախոսության կամ կենցաղի մեջ: Այլ ինչ-որ կարևոր բանի մեջ:

Այո, նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրներում ընտրությունները քիչ թե շատ կեղծվում են: Բայց ժողովրդի և իշխանության  համապատասխանությունը կարող է արտահայտվել նաև անազնիվ ընտրությունների ժամանակ: Կամ ընդհանրապես առանց ընտրությունների:

Օրինակ, դա կարող է արտահայտվել նրանում, որ մարդիկ չեն բողոքում իրերի ներկա դրվածքի դեմ կամ, եթե բողոքում են, ապա վերադառնում են նույն տեղ (ինչպես Ուկրաինան և Ղրղզստանը): Ուրեմն, դա իշխանավորների չար կամքի խնդիր չէ, այլ այն, որ ժողովուրդն ու կուսակցությունը միասնական են: Դա ակնհայտ է: Եթե նրանք անհամապատասխան լինեին, ապա կարգերը կփոխվեին», – մասնավորապես, գրում է հրապարակախոսը:

Tekali Taxi