Home / Հայաստան / Փափազյանի կրպակներն ապամոնտաժեցին. բողոքողներին աշխատանք չե՞ն առաջարկի

Փափազյանի կրպակներն ապամոնտաժեցին. բողոքողներին աշխատանք չե՞ն առաջարկի

Չնայած Փափազյան փողոցի կրապակատերերի կողմից վերջին օրերին ձեռնարկած բողոքի ակցիաներին, կրպակների ապամոնտաժման աշխատանքները գրեթե ավարտվել են:

Այս պահին չեն ապամոնտաժվել միայն 5 կրպակներ, որոնք, ըստ քաղաքապետարանի, ունեն աշխատելու թույլատրություն, և ևս երկուսը, որոնք քարից և ապակուց են եղել: Վերջին երկուսը կապամոնտաժվեն սեփականատերերի կողմից, որպեսզի շինանյութը չվնասվի:

Կրպակատերերից Աննա Կիրակոսյանը Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ նախապես հայտարարվել էր, թե Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը շաբաթ օրը պետք է հանդիպի կրպակատերերի հետ և նրանց հետ քննարկի աշխատանք տրամադրելու հարցը, սակայն այսօր պարզվել է, որ թաղապետը հանդիպելու է միայն վեց հոգու հետ:

«Դե բնական է, ես նրանց մեջ չեմ լինի, քանի որ ես բողոքողների մեջ եմ եղել: Ովքեր որ շողոքորթում են, նրանց է կանչել: Բայց ես, միևնույնն է, վաղը պետք է հաջողացնեմ հանդիպել թաղապետի հետ»,- ասել է Աննա Կիրակոսյանը:

Նա նշել է, որ իրենց թաղապետարանից ասել են, որ թաղապետի հետ հանդիպելու համար ընտրել են այն մարդկանց, ովքեր ավելի անապահով են: Կիրակոսյանը, սակայն, ասել է, որ ընտրվածների մեջ, օրինակ, կա մեկը, ով երեք կրպակ ունի:

Կիրակոսյանն իր կրպակի ապամոնտաժման կապակցությամբ պատրաստվում է դիմում-բողոք ներկայացնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ կառավարությանը:

Tekali Taxi