Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. «Սիրուն քաղաք՝ սոված ընտանիքների հաշվին». կրպակատերերին նախագահականում չհուսադրեցին

ՖՈՏՈՇԱՐՔ. «Սիրուն քաղաք՝ սոված ընտանիքների հաշվին». կրպակատերերին նախագահականում չհուսադրեցին

Երևանի տարբեր հատվածներում առևտուր իրականացնող կրպակների տերերը քաղաքապետարանի` դրանք ապամոնտաժելու որոշման դեմ միակ պայքարը տեսնում են շուրջօրյա ցույցերի մեջ:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, այս մասին կրապակատերերն ասել են այսօր առավոտից ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին անցկացվող 4-ժամյա բողոքի ակցիայի ավարտից հետո:

Բողոքի ակցիայի ընթացքում կրապակատերերի 5 ներկայացուցիչներ իրենց աջակցող ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ մտել են ՀՀ նախագահի նստավայր, որտեղ ՀՀ նախագահին ուղղված իրենց նամակն են հանձնել և հանդիպել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի հետ:

Հանդիպումը բավական երկար է տևել՝ մոտ 2 ժամ:

Բողոքի ակցիայի ողջ ընթացքում տարածքում էին գտնվում մի քանի ոստիկանական մեքենաներ, ինչպես նաև մի քանի երիատսարդ, ովքեր մեր թղթակցի հետ զրույցում նշել են, որ իրենք բողոքի ակցիային չեն մասնակցում, բայց իրենց «շատ հետաքրքիր ա», թե ինչն է կատարվում նախագահականի դիմաց:

Նրանցից մի քանիսը հրաժարվում էին շփումից, ոմանք, տեսնելով, որ լրագրողները լուսանկարում են իրենց, թաքցնում էին դեմքերը կամ մի որոշ ժամանակով լքում էին  տարածքը:

Կրապակատերերի պատվիրակության և Հովհաննես Հովսեփյանի հանդիպման ավարտից հետո պատվիրակության անդամները նախագահականից դուրս են եկել վատ տրամադրությամբ, իսկ նրանցից մեկը` տիկին Արևիկը, անգամ արցունքները աչքերին:

Epress.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ նախագահականում էլ իրենց հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանի որոշումն անբեկանելի է լինելու, և Հովսեփյանը, ըստ մեր զրուցակցի, բառացի կրկնել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի խոսքերը, համաձայն որոնց կրպակները պետք է ապամոնտաժվեն քաղաքը բարեկարգելու համար:

«Ես իրան էլ ասեցի, որ շատ տարօրինակ ա, որ իրենք բառացի նույն բանն են կրկնում: Էդ նշանակում ա, որ բարձր մակարդակով ա էս որոշումը կայացվել, դրա համար էլ բոլորը խոսքները մեկ են արել: Սիրուն քաղաք են ուզում՝ ընտանիքներին սոված թողնելու հաշվին: Ես ամենադժվար ժամանակ անգամ Հայաստանից չեմ գնացել, բայց էլ ճար չունեմ, ստիպված պիտի թողնեմ, գնամ ստեղից»,- ասել է տիկին Արևիկը:

Epress.am-ի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանը կարծիք է հայտնել, որ կրպակների ապամոնտաժման խնդրին տեղյակ է անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Վերահոսկողական ծառաության պետը գտնում է, որ քաղաքապետի որոշումը ճիշտ է, գտնում է, որ Երևանը պիտի գեղեցիկ ու բարեկարգ լինի: Խնդրին լուծում չկա, և հետևանքների համար իրենք պատասխան չունեն: Ես կարող եմ ինձ թույլ տալ ենթադրել, որ այս ամեն ինչը բարձր մակարդակով արված որոշում է, սա միայն քաղաքապետի որոշում չէ, կարծում եմ, որ երկրի նախագահը կրում է այս որոշման պատասխանատվությունը», – ասել է Սաֆարյանը:

Tekali Taxi