Գլխավոր / Հայաստան / Արձանագրություններն անժամկետ հնարավորություն չեն. Սերժ Սարգսյանը զգուշացնում է Թուրքիային

Արձանագրություններն անժամկետ հնարավորություն չեն. Սերժ Սարգսյանը զգուշացնում է Թուրքիային

Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մասնակցելով ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին:

«Շատերին կարող է թվալ, թե մենք պետք է ափսոսանք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու նախաձեռնություն դրսևորելու համար, քանի որ Թուրքիան հրաժարվեց իր պարտավորություններից, իսկ մենք հսկայական քաղաքական կապիտալ ծախսեցինք: Կարծում եմ` այս լսարանում ներկաները հասկանում են, որ այդ նախաձեռնությունը բարձրացրեց Հայաստանի միջազգային հեղինակությունը և ցրեց նոր ու ժամանակակից Թուրքիայի մասին մեր գործընկերների պատրանքները` բացահայտելով հայերիս համար պատմական փորձով ճանաչելի քաղաքականության արդի դրսևորումները», – ասել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքով` հայկական կողմն այդուհանդերձ հավատարիմ է Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու իր ուղուն և դիրքորոշմանը:

Թուրքիան պետք է իր մեջ ուժ գտնի հարգելու իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները` տուրք չտալով իրեն ժամանակակից տարածաշրջանային պետություն համարողին պատիվ չբերող պահանջներին: Բայց թուրքական կողմը պետք է հասկանա նաև, որ այս արձանագրությունները բաց, անժամկետ հնարավորություն չեն: Մեր բարեկամներից շատերը մեզ խորհուրդ էին տալիս սպասել մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները: Այնպես որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կտեսնենք` արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում առկա է մոտեցումների փոփոխություն, թեև անկեղծորեն ասած` անցած երկու ամիսները լավատեսության հիմքեր չեն տվել: Ըստ այդ դիտարկումների` մենք կորոշենք նաև արձանագրությունների ուղղությամբ մեր հետագա քայլերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Tekali Taxi