Գլխավոր / Հայաստան / Սևազգեստ կանայք կպահանջեն պատժել բանակային սպանությունների մեջ մեղավորներին

Սևազգեստ կանայք կպահանջեն պատժել բանակային սպանությունների մեջ մեղավորներին

Արձագանքելով Facebook սոցիալական ցանցում ստեղծված բողոքի խմբերին` մի խումբ քաղաքացիներ սեպտեմբերի 1-ին Կառավարության շենքի առջև նախաձեռնելու են սևազգեստ կանանց ակցիա, որի ժամանակ հայկական բանակում մահացած երիտասարդների մայրերը և հարազատները պաստառներով և կոչերով իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու և պահանջելու պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Նախաձեռնողները կոչ են անում բոլորին իրենց չնչին ներդրումն ունենալ` պայքարելու հայկական բանակում ծառայող զինվորների կյանքի համար:

Համաձայն Facebook-ում ստեղծված ևս մեկ խմբի` սեպտեմբերի 3-ին, երեկոյան 17:30-19:30-ին Երևանի Կասկադ համալիրի հարակից տարածքում հանգանակություն է տեղի ունենալու զինվորի ընտանիքին աջակցելու համար:

Մեկ այլ խումբ էլ ստեղծվել է «Եղնիկներ» զորամասում օգոստոսի 26-ին զոհված 18-ամյա Աղասի Աբրահամյանի սպանության կապակցությամբ:

ԼՂՀ Պաշտպանության բանակի հաղորդմամբ` օգոստոսի 26- ին ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ/:

Համաձայն պաշտոնական տեղեկատվության` այս ամիս ևս մեկ ժամկետային զինծառայող` Վարդան Սևյանը, ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում:

Խմբի հեղինակները պահանջում են բացահայտել դեպքերի բոլոր մանրամասները և տեղեկացնել հասարակությանն այդ մասին:

Tekali Taxi