Գլխավոր / Հայաստան / «Ծառուկյանը կոճակ սեղմող չէ». ինչպես դեսպանները ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպեցին

«Ծառուկյանը կոճակ սեղմող չէ». ինչպես դեսպանները ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպեցին

2006 թվականին ԱՄՆ Պետդեպին ուղարկված փաստաթղթում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը պատմում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին: Փաստաթուղթը գաղտնազերծել է Wikileaks կայքը:

Էվանսի խոսքով` Գագիկ Ծառուկյանն անկասկած գունեղ քաղաքական դեմքերից է Հայաստանում:

«Մինչ վերջերս Ծառուկյանը իրեն հետ էր պահում մեծ քաղաքականությունից, չնայած Ազգային ժողովի պատգամավոր էր: Նրա ստեղծած քաղաքական խումբը` «Բարգավաճ Հայաստանը» թափ է հավաքում, և ակնկալվում է, որ այն կդառնա տաքացող քաղաքական շրջանում ամենակարևոր գործոններից մեկը: Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր նպատակն է ֆինանսապես օգնել պրոֆեսիոնալ օրենսդիրներին, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ իրենց աշխատնքի վրա, և ոչ թե օգտագործեն իրենց դիրքը գումար «սարքելու» համար: Ծառուկյանի նպատակները հայաստանյան էլիտայում շատերի կողմից հարցականի տակ են դրվում », — գրում է Էվանսը:

ԱՄՆ դեսպանը նշում է, որ Ծառուկյանի անձնական ոճը, որը ստիպում է Դոնալդ Թրամփին (ամերիկացի միլիարդատեր – խմբ.) որպես էսթեթ ընկալել, անկասկած համուհոտ կավելացնի երևանյան քաղաքական բեմին:

Էվանսը նաև պատմում է, որ Գագիկ Ծառուկյանը հանրությանը հայտնի է որպես «Դոդի Գագո», և նրան ամենուր այդպես են անվանում, բացառությամբ երբ շփվում են նրա հետ  դեմ առ դեմ: Փաստաթղթում ԱՄՆ դեսպանը նաև մանրամասն նկարագրում է Գագիկ Ծառուկյանի անցած ճանապարհը և բիզնեսները, պատմում է առյուծների նկատմամբ նրա սիրո մասին:

Կուսակցությունը հիմնելուց հետո Ծառուկյանն ավելի հաճախ է սկսել երևալ քաղաքական ասպարեզում, որից հետո էլ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանները պայմանավորվել են հանդիպման մասին: Գագիկ Ծառուկյանը նրանց հրավիրել է Երևանի հյուսիսում գտնվող իր տուն:

Էվանսը պատմում է, որ Գագիկ Ծառուկյանն իրենց դիմավորեց ջինսերով և սվիտերով, նրա հետ էր ԱԺ «Արդարություն» խմբակցության Վիկտոր Դալլաքյանը:

«Դալլաքյանը համարվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուղեղը: ԲՀԿ-ի պլատֆորմը գրվել է կոմիտեի կողմից, որը ղեկավարում է Դալլաքյանը: Քաղաքական մեկնաբաններն այն գնահատում են որպես հավասարակշռված, բիզնեսին միտված ծրագիր, որտեղ նոր գաղափարներ կան առ այն, որ բոլոր հայաստանյան բիզնեսները պետք է վճարեն հարկերի իրենց բաժինը: Ծառուկյանն ասաց, որ անկախ կուսակցության արդյունքներից, ինքը չի ցանկանա բարձր պաշտոն զբաղեցնել կառավարությունում, անգամ կարող է պատգամավորի տեղ չզբաղեցնել հաջորդ գումարման ԱԺ-ում: Նա միանգամից ընդունեց, որ ինքը հաճախ բացակայում է Ազգային Ժողովի նիստերից` ասելով, որ «Ծառուկյանն այն մարդը չէ, որ կոճակ է սեղմում»», — ԱՄՆ Պետդեպ ուղարկված փաստաթղթում գրում է Ջոն Էվանսը:

ԱՄՆ դեսպանը նշում է նաև, որ անկախ այն փաստից, սիրում են իրենք Ծառուկյանին, թե ոչ, վերջինս «կարևոր խաղացող է լինելու Հայաստանի քաղաքական կյանքում հաջորդ ընտրություններից հետո»:

«Նրա համար, հավանաբար, շատ ավելի հեշտ է լինելու նույն տեղում հավաքել այն տիպի օլիգարխներին, որոնք արդեն իրենց դիրքն ունեն ընթացիկ խորհրդարանում: Բայց դա գրեթե ոչինչ չի փոխի սեփական շահերը հետապնդող, ոչ պրոֆեսիոնալ հայաստանյան խորհրդարանում: Շատ ավելի դժվար, և, հավանաբար, անհնարին է լինելու Ծառուկյանի համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խնդիրներ լուծող խումբ դարձնել հաջորդ խորհրդարանում», — իր նամակը եզրափակում է Էվանսը: