Գլխավոր / Հայաստան / Տեր-Պետրոսյանը թափ տվեց անտարբեր հայկական քաղաքական օրգանիզմը. ԱՄՆ դեսպանատուն

Տեր-Պետրոսյանը թափ տվեց անտարբեր հայկական քաղաքական օրգանիզմը. ԱՄՆ դեսպանատուն

2007 թվականի հոկտեմբերի 31-ին ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը գաղտնի փաստաթուղթ է ուղարկել ԱՄՆ Պետդեպ, որտեղ նկարագրել է հոկտեմբերի 26-ի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքը, որի ընթացքում նա իրեն նախագահի թեկնածու է հայտարարել 2008 թվականի նախագահական ընտրություններին: Փաստաթուղթը գաղտնազերծել է Wikileaks կայքը:

Փենինգթոնը նշում է, որ չնայած թեթև անձրևին հանրահավաքն այցելել էին Տեր-Պետրոսյանի 20,000 աջակիցներ: Մանրամասնորեն նկարագրելով հանրահավաքի ընթացքը` ամերիկացի դիվանագետը նշում է, որ մոտ 90 րոպեների ընթացքում Տեր-Պետրոսյանը քննադատում էր իշխանություններին` անվանելով իշխող ռեժիմը` ավազակապետություն և որ նա չհիասթափեցրեց ներկաներին:

Փենինգթոնը գրում է, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, որոնք նաև ներկա են եղել հանրահավաքին, հաջորդ օրերին ոչ պաշտոնական հարցումներ են անցկացրել քաղաքացիների շրջանում: Որոշ քաղաքացիներ չգիտեին, որ Երևանում հանրահավաք է եղել, ոմանք էլ մտածում էին, որ Տեր-Պետրոսյանն իրեն թեկնածու էր հայտարարել ամռանը: Հարցվածների հիմնական մասը համաձայնել են Տեր-Պետրոսյանի այն գնահատականի հետ, որ կոռուպցիայի թելերը երկրում դուրս են վերահսկողությունից և իշխող ռեժիմը շատ ավտորիտար է դարձել:

«Այնուամենայնիվ, շատերը նշում էին, որ Տեր-Պետրոսյանը նույնպես սուրբ չէ, բայցևայնպես ասում էին, որ, ի տարբերություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի, ինքը ստիպված էր դիմակայել իր վերահսկողությունից դուրս գտնվող գործոնների հետ, այն է` ԽՍՀՄ փլուզումը, ղարաբաղյան պատերազմը, հարևան Վրաստանի պահվածքը և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ փակ սահմանները: Այս հայտարարություններում մենք համակրանք զգացինք, անգամ նոստալգիա», – գրում է Փենինգթոնը:

Նա նշում է, որ հարցվածների մի մասը նշում էին, որ զզվել են սննդամթերքի գների թանկացումից և չեն քվեարկելու Սարգսյանի օգտին:

Համաձայն ԱՄՆ դեսպանատան ոչ պաշտոնական հարցումների, հարցվածների մեծ մասը դեռևս չէին որոշել` ում են քվեարկելու, բայց նշում էին, որ Տեր-Պետրոսյանը կրկին նախագահ դառնալու «շանս» ունի:

Փաստաթղթում նշվում է, որ հանրահավաքից երկու օր առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդականներն ասել են դեսպանատան աշխատակիցներին, որ հոկտեմբերի 23-24-ին Լևոն Տեր Պետրոսյանի համախոհների ձերբակալությունը բացահայտորեն ցույց տվեցին իշխող ռեժիմի մտահոգությունը Լևոն Տեր Պետրոսյանի նախագահական նկրտումների նկատմամբ: Նրանք բողոքել են այն հանգամանքից, որ երկրի 17 հեռուստաալիքներից և ոչ ոք չի ցուցադրի հանրահավաքը, չնայած նրան, որ խոստացվել էր նախապես վճարել եթերի համար: Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ընդունել են, որ ողջ ընդդիմադիր ճամբարը դեռ իրենց թեկնածուի մեջքին չէ, բայց ընդհանուր առմամբ, նրա քարոզարշավը համարել են որպես միավորման պահ:

Նրանք կոչ են արել ԱՄՆ-ի կառավարությանը մեծ ուշադրություն դարձել 2008-ի նախագահական ընտրություններին, այնպես, ինչպես նրանք արեցին Ուկրաինայում և Վրաստանում, և իշխանություններին ստիպեցին արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնել: Ընդդիմադիր գործիչները նշել են նաև, որ Տեր-Պետրոսյանի համախոհները չեն ընդունի կեղծված ընտրությունների արդյունքները, և «կնստեն փողոցներում» մինչև ազատ ընտրություններ չանցկացվեն:

Փենինգթոնն ավարտում է իր նամակը հետևյալ մեկնաբանությամբ.

«Հանրահավաքներին մեծ թվով մարդկանց ներկայությունը ցույց է տալիս, որ ԼՏՊ-ն Հայաստանում պահանջված քաղաքական գործիչ է մնում: Իշխանությունների հասցեին նրա խիստ քննադատությունները ցույց են տալիս, թե նա ինչպիսի լրջությամբ է մոտենում իր քարոզարշավին: Թեև իր կողմից բարձրացված որոշ հարցեր ամբողջությամբ համընկնում են փողոցում քայլող մարդու խնդիրների հետ` լինի դա կոռուպցիան կամ Հայաստանի տնտեսական վիճակը, դեռևս շատ շուտ է հաստատել, որ հայերը պատրաստ են ԼՏՊ-ի երկրորդ դարաշրջանին: Հաշվի առնելով իշխանությունների կողմից նրա համար ստեղծվող խոչընդոտները` նրա քարոզարշավը դեռևս շարունակում է ոչ հեշտ խնդիր մնալ: ԼՏՊ-ի մասնակցությունը քաղաքական այս մրցավազքին, կարծես, թափ է տվել անտարբեր հայկական քաղաքական օրգանիզմը»:

Tekali Taxi