Գլխավոր / Հայաստան / Ամերիկացու մի աչքը Տեր-Պետրոսյանի տան վրա էր, մյուսը` երեխաների. WikiLeaks

Ամերիկացու մի աչքը Տեր-Պետրոսյանի տան վրա էր, մյուսը` երեխաների. WikiLeaks

2008 թվականի մարտին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը հետևել է մարտի 1-ից հետո փաստացի տնային կալանքի տակ գտնվող ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտ տեղի ունեցող անցուդարձին: Այդ մասին Պետդեպին 2008 թվականի մարտի 20-ին ուղարկված և օրերս Wikileaks-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթում պատմում է ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը:

«Ինչպես մենք գիտենք, Տեր-Պետրոսյանին մարտի 1-ից հետո մեկ անգամ են թույլատրել դուրս գալ. մարտի 5-ին նա խոսել է Սահմանադրական դատարանում (ՍԴ-ում քննվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքը, որում պահանջվում էր չեղյալ համարել 2008թ. փետրվարի 19-ին նախագահական ընտրությունները – խմբ.): Մարտի 2-ին անվտանգության ծառայության աշխատակիցների թիվը եղել է մոտ 30, որոնց դեսպանատան աշխատակիցը նկատել է մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում` հետևելով առանձնատուն մտնող և դուրս եկող բոլոր մեքենաներին: Մարտի 9-ին արդեն նրանց թիվը կիսով կրճատվել էր, և համազգեստավոր ոստիկանությանը փոխարինել էին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Միայն մեկ ոստիկանական մեքենա կար, որը հսկում էր առանձնատան մուտքը, և երկու ոստիկանական մեքենաներ, որոնք հսկում էին առանձնատան հետնամասում գտնվող փողոցը, որի մոտ ոստիկականական փոքր ճամբար էր տեղակայված: Մարտի 16-ին առանձնատան հետնամուտքում հսկողություն իրականացնող ոստիկանական մեքենան արդեն չկար, նրան փոխարինել էր մեծ քարերով կառուցված բարիկադը, որը փակում էր հետնամուտքը: Սա նախատեսված էր նրա համար, որպեսզի դարպասը չբացվեր, ինչպես նաև դարպասի ներքևի հատվածի լայն բացվածքի միջով կանխվեր ցանկացած մեկի գաղտնի մուտքը: Ոստիկանական մեքենան շարունակում էր մնալ առջևի դարպասի մոտ, ինչպես և փոքր ոստիկանական ճամբարը` հետնամասում», – գրում է դիվանագետը:

ԱՄՆ դեսպանատան աշխատակցի հավաստմամբ, ոստիկանները արձագանքում էին յուրաքանչյուր գործողության, շարժման, երբ որևէ մեկը մոտենում էր այդ քիչ երթևեկելի փողոցին:

Սակայն երբ դեսպանատան աշխատակիցը երկու փոքր երեխաների հետ գալիս էր մոտակա պուրակ զբոսնելու, իրավիճակը փոխվում էր. երեխաների մեքենայից դուրս գալը թմրեցնում էր ոստիկանների ուշադրությունը, և նրանք նույնիսկ քաղցրավենիք էին հյուրասիրում երկու փոքրիկ տղաներին:

«Տեր-Պետրոսյանին իր առանձնատանը մեր երկու այցելությունների ժամանակ (ամերիկյան դրոշով, որ ծածանվում էր մեքենայի վրա) մեզ մի քանի րոպե սպասեցրել են առանձնատան առաջամասը շրջափակած ոստիկանները, որպեսզի հեռահաղորդակցման սարքերով մեզ ներս թողնելու թույլտվություն ստանան: Այս ամենը վստահորեն ցույց էր տալիս, որ Տեր-Պետրոսյանին ոչ միայն թույլ չէին տալիս դուրս գալ, բայց նաև սահմանափակում էին նրա գործողությունները առանձնատան ներսում:

Սկզբում Տեր-Պետրոսյանի մոտ թույլատրում էին մտնել, նրա ընտանիքի անդամներին և նրա գլխավոր օգնականին (Փենինգթոնը չի նշում նրա անունը – խմբ.), իսկ ավելի ուշ նրա այլ քաղաքական դաշնակիցներին էլ թույլատրել էին մտնել նրա մոտ: Տեր-Պետրոսյանի քաղաքական դաշնակցին` Ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանին պարբերաբար ներս էին թողնում որպես ընտանիքի անդամ, քանի որ վերջինիս դուստրը ամուսնացած է Տեր-Պետրոսյանի որդու հետ, և նրանք ապրում են Տեր-Պետրոսյանի առանձնատանն իրենց փոքր երեխաների հետ», – փաստաթղթում նշում է ամերիկացի դիվանագետը:

Լուսանկարը` payqar.net

Tekali Taxi