Գլխավոր / Հայաստան / Դատարանում միջնորդել են հարցաքննել Սերժ Սարգսյանին

Դատարանում միջնորդել են հարցաքննել Սերժ Սարգսյանին

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Արաբկիրում անցյալ տարվա մայիսի 12-ին կատարված 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության գործով դատական նիստը:

Այս գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդին` Արսեն Ահարոնյանը, ում սպանության մեղադրանք են առաջադրել և նա ընդունել է իր մեղքը, սակայն հետո հրաժարվել էր իր ցուցմունքներից:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Հելսինկյան ասոցիացիայի անդամ, փաստաբան Նինա Կարապետյանցը, դրանից հետո գործում շրջադարձ է եղել և  մեղադրանք է առաջադրվել միջադեպի այլ մասնակցի` Վռամ Բաղդասարյանին, ով չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Այս գործը հասարակական հնչեղություն է ստացել, քանի որ քննության ժամանակ պաշտոնից ազատվել և կալանավորվել է ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, ով մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու միջոցով ապացույցների խեղաթյուրում թույլ տալու համար:

Այսօրվա դատական նիստի ժամանակ Բաղդասարյանին պաշտպանող Նինա Կարպետյանցը և Գայանե Խաչատրյանը միջնորդություն են ներկայացրել, որպեսզի ցուցմունք տա գործով անցնող ևս մեկ մեղադրյալ Պետրոս Գրիգորյանը (Խաչիկ Մկրտչյանը սպանվել է նրա ատրճանակից), սակայն վերջինս հրաժարվել է դա անել:

«Այնուհետև մենք միջնորդեցինք, որպեսզի որպես վկա հարցաքննվեն ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանը, Հովհաննես Թամամյանը, Հովհաննես Շահինյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  Մենք տեղեկություն ունենք, որ Պետրոս Գրիգորյանը ԱԱԾ-ում գաղտանլսված խոսակցության ժամանակ ակնարկել է Սերժ Սարգսյանի անունը: Նա ասել է, որ Սերժ Սարգսյանը տեղյակ է սպանության գործից: Նա նաև տեղեկացրել է, որ Սարգսյանը Շահինյանի հետ առանձնազրույցում ասել է, որ հունվարից հետո գործը կտրուկ կփոփոխվի: Ինչպես տեսանք, փոփոխություն եղավ»,- Epress.am-ին ասել է Կարապետյանցը:

Նշենք, որ այս միջնորդությունը դատավոր Արթուր Մկրտչյանը մերժել է, իսկ հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 6-ին, ժամը 16.30-ին:

Վաղվա նիստի ընթացքում Բաղդասարյանի փաստաբանները պատրաստվում են  ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին:

Tekali Taxi