Գլխավոր / Հայաստան / Հովիկ Աբրահամյանը կարող է վտանգավոր լինել Սերժ Սարգսյանի համար, կարծում էր ԱՄՆ դեսպանը

Հովիկ Աբրահամյանը կարող է վտանգավոր լինել Սերժ Սարգսյանի համար, կարծում էր ԱՄՆ դեսպանը

2008 թվականի հոկտեմբերի 9-ին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հանդիպել է ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, ով քննադատել է Հայ Ազգային Կոնգրեսին փողոցներում իշխանությանը քննադատելու միջոցով Հայաստանի վարկը սևացնելու համար: Յովանովիչն Աբրահամյանի հետ իր հանդիպման մասին գաղտնի փաստթուղթ է ուղարկել ԱՄՆ Պետդեպ 2008 թվականի հոկտեմբերի 29-ին, որն օրերս գաղտնազերծել է WikiLeaks կայքը:

Յովանովիչը գրում է, որ հանդիպման հենց սկզբից Հովիկ Աբրահամյանը «ժամանակ չի կորցրել և հարձակվել է  ընդդիմության վրա»: Նա նաև խնդրել է ԱՄՆ դեսպանին կասեցնել ընդդիմությանը օգնության տրամադրումը:

Աբրահամյանի խոսքով` ամերիկացիների աջակցությունը «վնաս է հասցնում» Հայաստանին, և ավելի լավ կլիներ, եթե ընդդիմությունը սկսեր պատրաստվել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին: Գաղտնի փաստաթղթում տվյալ հատվածում Մարի Յովանովիչը մեկնաբանում է ՀՀ ԱԺ նախագահի խոսքերը` նշելով, որ իրենք ոչ մի աջակցության չեն ցուցաբերում որևէ տեսակի ընդդիմությանը, բայց ԱՄՆ դեսպանատան հաճախակի հնչող խոսքերը, որոնք պաշտպանում են քաղաքական ազատությունները և մարդու իրավունքները, «Աբրահամյանի նմանների կողմից կարող են ընկալվել որպես տերպետրոսյանամետ»:

Զրույցի ընթացքում ԱԺ նախագահը նաև ասել է, որ ընդդիմության շարքերը նոսրանում են` նշելով Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարի համար ընտրություններում ընդդիմության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանի պարտությունը որպես ընդդիմության նկատմամբ վստահության պակաս: Յովանովիչը ևս մեկ մեկնաբանություն է մեջբերում` նշելով, որ ընտրությունների ընթացքում տեղի, միջազգային և ԱՄՆ դեսպանատան դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել: Յովանովիչը գրում է, որ Աբրահամյանը նաև խոսել է մարտի 1-2-ի իրադարձությունների մասին` ընդգծելով, որ իշխանությունները ընդդիմությունից չեն վախենում, փոխարենը վախենում են սադրանքներից, որոնց արդյունքում ընդդիմության մեղքով տեղի ունեցած բռնությունների մեջ վերջիններս ցանկանում են մեղադրել իշխանություններին: Որպես պատասխան Յովանովիչը թվարկել է ԱՄՆ կառավարության մտահոգությունները` որպես օրինակ նշելով նախագահական ընտրություններում զգալի խնդիրների առկայությունը, այն փաստը, որ մարտի 1-ից հետո բանտարկված անձանցից ոմանք ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով, դատավարությունները ազնիվ և արագ չեն եղել, իսկ հեռուստատեսությունը մանիպուլիացիայի է ենթարկվել իշխանությունների կողմից` միակողմանի պատկեր ներկայացնելով: Դեսպանը կոչ է արել Հայաստանի կառավարությանը լուծել տվյալ խնդիրները Հայաստանի պատմության դժբախտ էջը շրջելու համար:

Աբրահամյանը նշել է, որ իշխանությունները պատրաստ են լսել ընդդիմության քննադատությունը, և դեսպանը գործնականում կհամոզվի, որ «իրենք ժողովրդավար մարդիկ են»:

Աբրահամյանը և Յովանովիչը նաև զրուցել են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսված ֆինանսական օգնության հետաձգման մասին: ԱԺ նախագահը խնդրելէ Յովանովիչին միջամտել և օգնել չեղյալ համարել հետաձգման մասին որոշումը:

Դեսպանը պատասխանել է, որ ծրագրի ժամանակավոր կասեցումը կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանը դեռևս չի լուծել խնդիրները` կապված նախագահական ընտրությունների և հետընտրական բռնությունների հետ, և «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի իրականացումն առայժմ հարցականի տակ է:

Փաստաթղթի վերջում Յովանովիչը ներկայացնում է իր մեկնաբանությունը` նշելով, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ական այն քաղաքական գործիչներից է, ով օգտագործում է քաղաքական իշխանությունն իր բիզնես շահերն առաջ տանելու համար և հակառակը:

«Նման դեմքերը Սարգսյանին բերել են իշխանության, սակայն նրանք կարող են նաև պոտենցիալ վտանգ ներկայացնել Սարգսյանի համար, եթե նա գործի իրենց հետաքրքրություններին հակառակ», – գրում է Յովանովիչը:

Tekali Taxi