Գլխավոր / Հայաստան / WikiLeaks. ՀԱԿ-ի ներքին խնդիրները` ըստ ԱՄՆ դեսպանատան

WikiLeaks. ՀԱԿ-ի ներքին խնդիրները` ըստ ԱՄՆ դեսպանատան

2008 թվականի ստեղծված Հայ Ազգային Կոնգրեսը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը` իշխանությունից հեռացնել երկրի ղեկավարությանը: Այս մասին 2010 թվականի հունվարի 4-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված փաստաթղթում գրում է ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը: Նամակը գաղտնազերծել է WikiLeaks կայքը:

Ամերիկացի դիվանագետը նշում է, որ համաձայն ՀԱԿ-ում դեսպանատան կոնտակների, գոյություն ունի 4 հիմնական գործոն, որը անհամաձայնության առարկա է դարձել Կոնգրեսի ներսում:

«Դրանք են` Լևոն Տեր-Պետրոսյանի հաշտվողական քաղաքականությունը նախագահ Սարգսյանի արտաքին քաղաքականության հետ կապված, Կոնգրեսի ներսում ժողովրդավարության պակասը, դեպի դրված խնդիրների լուծումն առաջ շարժվելու մարտավարության բացակայությունը և ֆինանսական միջոցների սղությունը: ՀԱԿ-ում մեր աղբյուրները նշում են, որ այս գործոնները կարող են Կոնգրեսի 17 կուսակցություններից շատերի համար հիասթափության պատճառ դառնալ, ինչը կստիպի նրանց ՀԱԿ-ից դուրս գալու ճանապարհներ փնտրել առանց կամուրջներն այրելու ականավոր, բայց իր անձի վրա կենտրոնացած ու քինոտ Տեր-Պետրոսյանի հետ:

Փենինգթոնը գրում է, որ ՀԱԿ-ի արտաքին քաղաքականության հետ կապված դիրքորոշումը անհամաձայնություն է առաջացրել ազգայնական անդամների շարքերում: Ինչ վերաբերում է ներքին ժողովրդավարության պակասին, ապա ԱՄՆ դեսպանատան աղբյուրները նշել են, որ սա ևս մեկ գործոն է, որ կարող է քայքայել Կոնգրեսի միասնությունը, քանի որ բոլոր որոշումները ընդունում է բացառապես Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ այդ որոշումները հետագայում ֆորմալացվում են, այսպես կոչված, քաղաքական խորհրդի կողմից, որը կշիռ չունի դրանց կայացման գործընթացում:

ԱՄՆ փոխդեսպանը գրում է, որ Կոնգրեսի ֆինանսական աղբյուրների պակասն առաջացել է նրանից հետո, երբ այն գործարարները, ովքեր աջակցում էին ՀԱԿ-ին, հույս ունենալով, որ այն իշխանության կգա, դադարել են դա անել, մասնավորապես, Փենինգթոնը նշում է գործարար Խաչատուր Սուքիասյանին:

«Թվում է` ՀԱԿ-ի` իր դիրքերը լիովին կորցնելը միայն ժամանակի խնդիր է, իսկ դա կարող է տեղի ունենալ հունվարյան ընտրություններից հետո (հունվարի 10-ին ԱԺ պատգամավորի տեղի համար պայքարում էր քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը – խմբ.): Եթե ՀԱԿ-ը կարողանա խուսափել պառակտումից, դա տեղի կունենա միայն իր անդամների` քաղաքական բլոկը մինչև 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները պահելու ցանկության պատճառով: Այդ ժամանակ նրանք ավելի մեծ հնարավորություններ կունենա միասին պայքարելու, քան ընտրություններին գնալու առանձին-առանձին», – իր մեկնաբանության մեջ գրում է Փենինգթոնը:

Tekali Taxi