Գլխավոր / Հայաստան / Մինասյանը Հայաստանի հավաքականը Եվրո-2012-ում տեսնում է, բայց առաջ չի ընկնում

Մինասյանը Հայաստանի հավաքականը Եվրո-2012-ում տեսնում է, բայց առաջ չի ընկնում

Ֆուտբոլում ասացվածք կա` հաջողությունն ուղեկցում է նրան, ով արժանի է դրան. սեպտեմբերի 6-ին կայացած Եվրո-2012-ի ընտրական փուլի Սլովակիա-Հայաստան հանդիպման ժամանակ հայաստանցիներն արժանի էին հաղթանակի: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Նա նշել է, որ մարզչական շտաբն ակնկալում էր, որ տարիքով ավելի մեծ սլովակները երկրորդ խաղակեսում կարող են հոգնել, ու այդպես էլ ստացվեց: Որպես հանդիպման ամենաառանցքային պահ Վարդան Մինասյանը նշել է 1:0 հաշվի ժամանակ սլովակների գրոհը, որի հետևանքով կարող էր գոլ գրանցվել, բայց Սարգիս Հովսեփյանը գնդակը դուրս է բերել դարպասային գծից:

«Ընդհանրապես, խաղի տեսաերիզը դիտելուց հետո նկատեցի, որ մեր երեք գոլերի ժամանակ մրցակիցը վտանգավոր պահ էր ստեղծում: Բարեբախտաբար, այս անգամ մենք կարողացանք գնդակ բաց չթողնել», – ասել է Մինասյանը:

Նա նշել է, որ մինչև հոկտեմբերի 7-ին և 11-ին կայանալիք Հայաստան-Մակեդոնիա և Իռլանդիա-Հայաստան խաղերը, ինքը չի պատրաստվում պատասխանել իռլանդացիների մասին հարցերին, քանի որ կենտրոնանալու է մակեդոնացիների հետ խաղի վրա:

Լրագրողն անմիջապես խնդրել է Մինասյանին համեմատել սլովակներին և իռլանդացիներին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը սկսել է պատասխանել հարցին, հետո ասել է. «Կրկին իռլանդացիներից եք հարցնում»: Այնուամենայնիվ, նա նշել է, որ սլովակներն ավելի կառուցողական ֆուտբոլ են խաղում, իսկ Իռլանդիան գործում է տիպիկ բրիտանական ոճով:

Մինասյանին նաև հարցրել են` արդյոք ներկայիս հավաքականին ներկայիս խաղով նա տեսնում է Եվրո-2012-ի ընտրական փուլի եզրափակիչում:

Մարզիչը ժպտացել է և փոքր դադարից հետո պատասխանել. «Այո, տեսնում եմ: Բայց չեմ ուզում այդքան առաջ ընկնել»:

Tekali Taxi