Գլխավոր / Հայաստան / Նիկոլ Փաշինյանը սահմանադրական հեղափոխության կոչ է արել

Նիկոլ Փաշինյանը սահմանադրական հեղափոխության կոչ է արել

Հայաստանը բռնազավթած վարչախումբը 74 օր գոյատևեց առանց քաղբանտարկյալների: Այս մասին Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքին հայտարարել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը` խոսելով օգոստոսի 9-ին ՀԱԿ-ի ակտիվիստներին ոստիկանության կողմից ծեծի ենթարկելու փաստի մասին:

Փաշինյանի խոսքով` Հայաստանում իշխանությունը, բացի խոշտանգումների լեզվից, շփվելու այլ ձև չունի:

Փաշինյանը նշել է, որ Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը հեղափոխական է, քանի որ իշխանությունն ի վիճակի չէ լուծել ժողովրդի, երկրի առջև ծառացած խնդիրները, ապահովել երկրի զարգացումն ու ժողովրդավարությունը:  Ավելին` ինքն է խոչընդոտ հանդիսանում այդ զարգացման համար:

Փաշինյանի խոսքով` եթե իշխանությունն ի վիճակի չէ լուծել այդ խնդիրները, ապա ժողովուրդն իր ձեռքով պետք է լուծի դրանք:

«Հիմա քաղաքացին պետք է դուրդ գա հրապարակ և սեփական ձեռքերով հաստատի օրինականությունը, բարոյականությունը: Հեղափոխությունը Հայաստանում կենսական անհրաժեշտություն է, և ես յուրաքանչյուրիդ կոչ եմ անում պատրաստվել սահմանադրական հեղափոխության», – հայտարարել է Փաշինյանը:

Նրա խոսքով` այդ հեղափոխությունը կարող է իրականություն դառնալ հրապարակում 500-հազարանոց բազմություն հավաքելու դեպքում և «սերժանտական իշխանությանը» հեռանալու համար 24 ժամ տալու դեպքում:

«Մենք այսօր հեռանալու ենք Ազատության հրապարակից, սակայն մոտ ժամանակներս հանրահավաքներից մեկում կազդարարվի թավշյա հեղափոխության մեկնարկը», – ասել է Փաշինյանը:

«Այսօր հեռացիր, վերադարձիր որպես հեղափոխական առաջնորդ, և հենց այստեղ ազդարարիր հայկական հեղափոխության մեկնարկը», – դիմելով հավաքվածներին` ասել է Նիկոլ Փաշինյանը:

Tekali Taxi