Գլխավոր / Հայաստան / 2008-ին Տեր-Պետրոսյանն ԱՄՆ-ից խնդրում էր ճնշում գործադրել. ամերիկացիները չէին ցանկանում

2008-ին Տեր-Պետրոսյանն ԱՄՆ-ից խնդրում էր ճնշում գործադրել. ամերիկացիները չէին ցանկանում

Նախագահի թեկնածու, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Լևոն Զուրաբյանը 2008 թվականի փետրվարի 21-ին հրատապ հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանատան աշխատակցի հետ: Այս մասին ԱՄՆ Պետդեպ ուղարկված փաստաթղթում գրում է ԱՄՆ փոխդեսպան, գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը: Փաստաթուղթը գաղտնազերծել է WikiLeaks կայքը:

«Հաշվի առնելով էլեկտրոնային գաղտնալսման հնարավորությունը` Զուրաբյանն իր հաղորդագրությունը դեսպանատան աշխատակցին է հանձնել նամակի տեսքով, որը, նրա խոսքով, անձամբ ԼՏՊ-ի անունից է, մասնավորապես, ԼՏՊ-ն թելադրել էր հաղորդագրությունը Զուրաբյանին հայերենով, ով այնուհետև թարգմանել է տեքստը անգլերեն: Զուրաբյանը ոչ միայն ԼՏՊ-ի խորհրդականն է, այլև ԱՄՆ Դեսպանատան հետ հարաբերություններում ԼՏՊ-ի միջնորդը», — նշում է Փենինգթոնը:

Նա գրում է, որ նամակը փոխանցելուց բացի, Զուրաբյանը երկու բանավոր դիտարկումներ է արել:

Զուրաբյանը նշել է, որ իրենք տեղեկություններ ունեն այն մասին, որ իշխանությունները մտադիր են այդ օրը 15:00-ին նախատեսված հանրահավաքը ցրել: Երկրորդ հերթին նա հայտարարել է, որ իշխանությունները պահել են ընտրությունների արդյունքների փոփոխման հնարավորությունն այն դեպքի համար, եթե Սարգսյանը 50 տոկոսի սահմանը չանցնի և արդյունքում ընտրությունների երկրորդ փուլի վտանգ լինի:

Զուրաբյանն ասել է, որ իշխանություններն արել են դա պատրաստվում են անել որոշ տեղամասերի արդյունքերը չհաշվարկված թողնելով: Փենինգթոնն իր մեկնաբանության մեջ նշում է, որ ընդդիմության ներկայացուցիչն այնքան էլ հստակ չէր այս հարցում, իսկ «մենք որևէ սեփական վկայություն չունենք այն մասին, որ այդ ամենն իրոք տեղի է ունեցել»:

«Այդուհանդերձ, մենք հասկանում ենք, որ նմանատիպ երևույթներ տեղի են ունեցել նախագահ Քոչարյանի երկու ընտրությունների ժամանակ, որի ընթացքում իշխանությունները, ցույցերի վտանգը զգալով, հետ կանգնեցին բացարձակ մեծամասնության նախօրոք հայտարարված արդյունքներից, թվերը 50 տոկոսի նիշից իջեցնելով», — գրում է ամերիկացի դիվանագետը:

Նրա խոսքով` իրենք Զուրաբյանին մի քանի ընդհանուր հարցեր են ուղղել: Նա վստահեցրել է, որ Տեր-Պետրոսյանի 400 վստահված անձինք և հանձնաժողովի անդամներ հարձակման են ենթարկվել և դուրս են բերվել ընտրատեղամասերից ընտրությունների օրը:

Ավելի ուշ Զուրաբյանը նշել է, որ իրենք վստահ են, որ Տեր-Պետրոսյանը հաղթել է ընտրություննրում, ոչ բացարձակ մեծամասնությամբ, բայց մեծամասնությամբ` հիմնվելով ընտրատեղամասերում  թեկնածուի ներկայացուցիչների վկայությունների վրա:

«Քանի որ մեզ շշուկներ էին հասել, մենք հարցրեցինք Զուրաբյանին ընդդիմության կողմից նախատեսված երթերի մասին, մասնավորապես, դեպի արտասահմանյան դեսպանատներ: Նա նշեց, որ հստակ ծրագիր չկա, բայց խոսակացություններ կան դեպի Ֆրանսիայի դեսպանատուն երթ կազմակերպելու մասին` բողոքելու վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի շնորհավորական նամակի դեմ: Դեսպանատան աշխատակիցը կոչ է արել խաղաղ գործողություններ իրականացնել`ընդգծելով այն, որ և’ ԼՏՊ-ի, և’ իշխանությունների քարոզարշավը գովեստի են արժանի: Զուրաբյանը վերահաստատել է , որ դա ԼՏՊ-ի արշավի ծրագրի մեջ էր մտնում, բայց մտահոգություն է հայտնել առ այն, որ իշխանությունները կարող են ուժային միջոցների դիմել», — գրում է Փենինգթոնը:

Նա նաև մեջբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը.

«Մարդիկ զայրացած են: Նրանք մեզ որոշիչ քայլերի գնալու են դրդում: Մենք ցանկանում են մեր շարժումը օրինական շրջանակների մեջ պահել և մենք մտադիր ենք նման կերպ շարունակել: Այդուհանդերձ, այսպես շարունակելը դյուրին չէ, որոշակի պահի իրավիճակիը կարող է վերահսկողությունից դուրս գալ: Միակ ելքը նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է: Սա թույլ կտա ժողովրդական շարժումը սահմանադրական նորմերի մեջ պահել:

Մեր խնդրանքը հետևյալն է. ճնշում գործադրել իշխանությունների վրա, որպեսզի նրանք այդ ճանապարհով գնան: Բացի դա, ստիպել նրանց չմիջամտել խաղաղ հանրահավաքներին, ցույցերին և երթերին: Նրանք չեն կարողանա հակազդել ձեր ճնշմանը»:

Դեպքերի նման զարգացման առնչությամբ Փենինգթոնը հետևյալ մեկնաբանությունն է թողնում.

«Մենք ոչ մի ցանկություն չունենք խառնվել երկրի ներքին քաղաքական իրավիճակին, սակայն ակնհայտ է, որ ԼՏՊ-ն հենց դրա հույսն ունի:

Ինչ հրապարակային հայտարարությամբ էլ որ մենք հանդես գանք, դա ի շահ կօգտագործի կամ մի կողմը, կամ մյուսը: Այդուհանդերձ, մենք այլ ելք չենք տեսնում, քան շարունակել գնահատել ընտրությունները այնքան օբյեկտիվ, որքան կարող ենք: Այդ վերլուծությունները կընկնեն մեր հանրային հայտարարության հիմքում»: