Գլխավոր / Հայաստան / Խանումյանը չընկրկեց ոստիկանապետի առջև. «Եվրոպական շարժումը» մնաց Արցախում

Խանումյանը չընկրկեց ոստիկանապետի առջև. «Եվրոպական շարժումը» մնաց Արցախում

«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Հայկ Խանումյանի հորը` Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Ռուբեն Խանումյանին ուղարկեցին թոշակի: Հիշեցնենք, որ նա չցանկացավ «դաստիարակել» իր որդուն, չստիպեց նրան Ստեփանակերտից վերադառնալ Երևան:

Հայկ Խանումյանը, ով իր թիմակիցների հետ շարունակում է բնակվել և աշխատել Ղարաբաղում, Epress.am-ի հետ զրույցում նշել է. «Իրականում սա արցախյան դեպքերի շարունակությունն է, երբ, փորձելով տարբեր ճնշումներ, որոշեցին հարվածել նաև հարազատներիս: Հայաստանյան որոշ պաշտոնյաներ էլ դարձան էժանագին գործիք Ստեփանակերտի որոշ պարոնների ձեռքին: Այնուամենայնիվ, չպետք է կենտրոնանք այս դեպքի վրա, քանզի մեր հիմնական նպատակը նոր հնարավորություններ ստեղծելն է Արցախի երիտասարդության համար: Արդեն սովորել ենք, որ սա դժվարին ճանապարհ է, բայց միևնույն ժամանակ մեր հայրենիքի արևելյան այս մասի համար զարգացման այլ ուղի չենք տեսնում»:

Իշխանություններին, ըստ մեր զրուցակցի, անհանգստացնում է «ընդհանրապես որևէ քննադատություն, կապ չունի` ում հասցեին և որ բնագավառին վերաբերվող, ինչպես նաև որևէ ակտիվություն, հատկապես երիտասարդների մոտ, որը դուրս է իրենց վերահսկողությունից»:

Հունիսի վերջին «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ի նախագահն բաց նամակ է հղել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը` անդրադառնալով Արցախում ապրելու իր երկամյա փորձին և դրա հետևանքներին:

Նամակում Խանումյանը նշում է, որ Արցախ է տեղափոխվել երկու տարի առաջ իր կամքով` «գիտելիքները և կարողությունները մեր հայրենիքի այս հատվածին ծառայեցնելու համար»:

«Միշտ եղել եմ նախաձեռնող, ամեն մի խոչընդոտի պատասխանել եմ նոր նախաձեռնություններով, որոնք հիմնականում տեղավորվել են կրթական ծրագրերի շրջանակներում: Նշեմ, որ նախաձեռնողականությունը, հատկապես երիտասարդների հետ աշխատանքն Արցախում իշխանությունների կողմից ընդունվում է թշնամաբար, ամեն մի թեթև շարժ նրանք ընդունում են որպես մարտահրավեր», – գրում է Խանումյանը:

Նա նշում է, որ երկու տարի շարունակ իր նկատմամբ եղել են տարբեր ճնշումներ և խոչընդոտներ: «Վերջին շրջանի իմ մի շարք քննադատական հոդվածներն Արցախի իշխանություններին լուրջ քայլերի դիմելու առիթ էին տվել: Զանգվածային ճնշումներ էին սկսվել իմ մտերիմների և նրանց հարազատների վրա, որոնք տարբեր ձևով էին ընթանում, Արցախի իշխանություններն իրենց քայլերին սկսել էին մասնակից դարձնել նաև հայաստանյան պաշտոնյաներին, մասնավորապես, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:

Վերջինս հունիսի 15-ին իր մոտ է հրավիրել հորս, այդ ժամանակ ՀՀ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Ռուբեն Խանումյանին, և խորհուրդ տվել «դաստիարակել» իր որդուն, մասնավորապես, ստիպել Ստեփանակերտից վերադառնալ Երևան:

Ոստիկանապետին խիստ վրդովեցրել է նաև իմ դիքորոշումը մադրիդյան սկզբունքների և կազանյան հանդիպման դեմ: Նա նաև հորս մի շարք աշխատանքներ է առաջարկել ինձ համար, մասնավորապես, իմանալով իմ` Ֆրանսիայում սովորած լինելու հանգամանքը, առաջարկել է աշխատանք Ինտերպոլի ազգային գրասենյակում: Միայն թե ես Արցախից տեղափոխվեմ Երևան», – նշում է բաց նամակի հեղինակը:

Խանումյանի խոսքով` ինքը բացասական պատասխան է տվել, որից հետո, նրա բնորոշմամբ, ոստիկանապետը դիմել է ստորագույն քայլի:

«Հայրս հրավիրվել է Երևան և նրանից պահանջվել է դիմում գրել` թոշակի անցնելու կապակցությամբ: Նշեմ, որ դեռևս 10 տարի հայրս կարող էր աշխատել համակարգում: Հորս աշխատանքից զրկելը մեծ լծակ է ինձ վրա ճնշում գործադրելու առումով, քանզի, զրկվելով Արցախում աշխատելու բոլոր հնարավորություններից, ես հիմնականում հորիցս էի գումար ստանում գոյատևելու համար: Հայրս հրաժարվել է դիմում գրել, սակայն հուլիսի 23-ին նրան ստիպողաբար ուղարկել են թոշակի:

Արցախից հայերին քշելու, Արցախը հայերից մաքրելու քաղաքականություն վարում էր Ադրբեջանը, ԽՍՀՄ վերջին տարիներին նաև խորհրդային ՊԱԿ-ը: Դրա ապացույցը «Օղակ» օպերացիան էր` գեներալ Սաֆոնովի գլխավորությամբ: Պարզվում է, այսօրվա Հայաստանում կան Սաֆոնովի հոգեզավակները` ի դեմս Ալիկ Սարգսյանի և նրան դիմած արցախյան պաշտոնյաների», – ասված է նամակում:

Խանումյանը դիմում է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը` խնդրելով

«ամեն կերպ պահանջել և հասնել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրաժարականին»:

«Ոստիկանապետի ստորագույն քայլը «լավ նախադեպ» կարող է դառնալ Արցախը հայաթափել ձգտող ուժերի համար: Միևնույն ժամանակ խնդրում եմ ակտիվ քայլեր ձեռնարկել Արցախում բազմաբնույթ ծրագրերի իրականացման համար` այլընտրանքային կրթությունից մինչև քաղաքացիական ակտիվություն: Արցախում ազատ մամուլի բացակայությունը, ընդդիմության չգոյությունը և քաղաքացիական հասարակության ծայրահեղ թույլ լինելը վերացրել է իշխանության բոլոր հակակշիռները, ինչի հետևանքով տեղի է ունեցել քաղաքական ռեժիմի դեգրադացիա` երկիրը գլորվել է տոտալիտար համակարգի տրամաբանության մեջ», – նշում է Հայկ Խանումյանը:

Tekali Taxi