Գլխավոր / Հայաստան / «Բանակն իրականում» չի ցանկանում հանդիպել Սեյրան Օհանյանի հետ

«Բանակն իրականում» չի ցանկանում հանդիպել Սեյրան Օհանյանի հետ

Բանակում տեղի ունեցող հակաօրինական բոլոր արաքների, երևույթների շուրջ հարուցված են քրեական գործեր, իրավապահ մարմինները զբաղվում են դրանցով, չկա որևէ դեպք, որ մեղավորների շրջանակը հայտնաբերված չլինի ու կալանավորված չլինի: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների և բանակում տարբեր տարիներին խաղաղ պայմաններում մահացած զինվորների հարազատների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մենք մի քիչ համբերություն պիտի ունենանք, որ իրավապահները ավարտին հասցնեն: Տարեց տարի բանակում տեղի ունեցող արտակարգ պատահարների թիվը հրապարակվում է, չնայած, որ ամեն մի դեպքը ցավ է մեզ համար, այդ թիվը նվազում է: Բանակում անպատժելիության մթնոլորտ չի եղել ու այսօր էլ չկա: Բոլորն իրենց արժանի պատիժը ստանում են: Եվ ասեմ, որ բանակում որևէ մի դեպք հնարավոր չէ թաքցնել, բոլորը իրավական գործի շրջանակներում են», – ասել է նա:

Օհանյանը նաև կառավարության շենքի առջև բանակում տիրող վիճակի դեմ բողոքի ակցիա անցկացնող «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության երիտասարդներին առաջարկել է հանդիպել իր հետ:

«Այստեղ կան երիտասարդներ, եթե կա ինչ-որ ակտիվ խումբ, և ուզում է ինձ հետ զրուցել, ես պատրաստ եմ զրուցել»,- ասել է նա:

Սակայն մենք զրուցել ենք նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանի հետ, ով մեզ ասել է, որ գոնե այն երիտասարդները, ովքեր այդ պահին կանգնծ են շենքի առջև չեն պատրաստվում հանդիպել նախարարի հետ:

«Ես կարծում եմ` իմաստ չունի, թող մեզ հետ հանդիպման այդ ժամանակահատվածն օգտագործվի, որ այս շաբաթ ևս մեկ բանակային մահի դեպք չգրանցվի», – ասել է Ասլիկյանը:

Ի դեպ, երեկ մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի կողմից կազմակերպված բանակին նվիրված քննարկումից հետո, որին ներկա էին պետական պաշտոնյաներ, իրավաբաններ, լրագրողներ, մահացած զինվորների հարազատներ, վերջիններիս հրավիրել են ռազմական ոստիկանություն, և, ըստ ծնողների, «շատ նուրբ ձևով» հորդորել են իրենց չմասնակցել հինգշաբթօրյա ակցիաներին և, ինչպես ծնողներն էին պնդում, իրենց խնդրել են «չքաղաքականացնել հարցը»:

Tekali Taxi