Գլխավոր / Հայաստան / Կոնգրեսի 7 ակտիվիստների գործի նախաքննությունը կշարունակվի հատուկ քննչական ծառայությունում

Կոնգրեսի 7 ակտիվիստների գործի նախաքննությունը կշարունակվի հատուկ քննչական ծառայությունում

Օգոստոսի 9-ին ոստիկանության բաժին բերման ենթարկած և մեկ օր անց ձերբակալված Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ սեպտեմբերի 16-ին ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու համար:

Կոնգրեսի 7 ակտիվիստները բերման են ենթարկվել այս տարվա օգոստոսի 9-ին` Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ էր մնացել միայն Տիգրան Առաքելյանը: Նրան և Արտակ Կարապետյանին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ Սարգիս, Արեգ, Վահագն Գևորգյաններին, Սահակ Մուրադյանին և Դավիթ Քիրամիջյանին` խուլիգանության մեջ:

Մեղադրյալները նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել` ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների ենթարկվելու վերաբերյալ: Ուստի` քրեական գործի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու համար գլխավոր դատախազի  հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն, հայտնում են ՀՀ Դատախազությունից:

Tekali Taxi