Home / Հայաստան / Ինչպես է պատժում Ռուբեն Հայրապետյանը. ՀՖՖ նախագահը` «Հայկական ժամանակի» և թմրանյութերի մասին

Ինչպես է պատժում Ռուբեն Հայրապետյանը. ՀՖՖ նախագահը` «Հայկական ժամանակի» և թմրանյութերի մասին

ՀՖՖ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը չէր կարող դատի չտալ «Հայկական ժամանակ» օրաթերթին, քանի որ թերթում տպած տեղեկատվությունում իրեն մեղադրում էին ծանր հանցագործությունների մեջ: Այս մասին նա այսօր հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Լրատվական միջոցը շանտաժի ա դիմում, վարկաբեկում ա` ինձ մեղադրելով շատ ծանր հանցագործությունների մեջ` նարկոբիզնես, զենքի առքուվաճառք, մարդկանց առքուվաճառք… Այսինքն, նման հոդվածի համար, մինիմում ժամը մեկ գնդակահարություն են որոշում…», – ասել է Հայրապետյանը:

Նրա խոսքով` ինքը դիմել է օրաթերթին բազմաթիվ անգամ` խնդրելով հերքում տպել, սակայն դա տեղի չի ունեցել:

«Խնդրում եմ պաստասխանեք` դուք լինեք, ի՞նչ կանեք իմ փոխարեն: Ո՞նց կարող ա պատահի, ես զբաղվեմ նարկոտիկով, զենքի վաճառքով ու մարդու վաճառքով, ու ոչ մեկ չիմանա», – դիմելով լրագրողներին` հայտարարել է ՀՖՖ նախագահը:

Հայրապետյանը նշել է, որ «Հայկական ժամանակին» ինքը դիմել է նաև նրանից հետո, երբ օրաթերթում լուր է հայտնվել, որ ինքը ծեծել է ոստիկանապետին:

«Դիմեցի, ասեցի` հերքեք: Հերքումը չի տալիս: Դիմում եմ դատարան: Գալիս են դատարան, ասում են` «արեք հաշտություն կապենք, մենք հերքումը կտպենք»: Ասում եմ` եղավ, հետ եմ քաշում դատարանից գործը, հերքումը չի տպում», – ասել է Աժ պատգամավորը:

Երբ լրագրողները նշել են, որ «ՀԺ»-ի հոդվածում նշված տեղեկությունները հայտնել է «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը, Հայրապետյանը պատասխանել է, որ ինքը չի ճանաչում Կարախանյանին, և չպետք է ամեն ասածին հավատալ:

«Ես էլ լսել եմ, որ «Արթիկի» գաղութում շատ վատ արարք են արել իրա հետ, որ տղամարդուն վայել չի: Բայց ես դրան չեմ հավատում, ազնվորեն չեմ հավատում: Հո չեմ կանգնի ասեմ, որ դա ճիշտ ա», – ասել է Հայրապետյանը:

Նա կրկնել է, որ իրեն վիրավորում են նարկոբիզնեսի մեջ մեղադրանքները, որովհետև «ինքը նարկոմաններին շատ վատ է վերաբերվում»:

«Կարող եք Ավանում հարցնել, որ իմանում եմ` նարկոման ա, ինչ եմ անում», – հայտարարել է Հայրապետյանը:

Լրագրողները խնդրել են մանրամասնել, թե կոնկրետ ինչ է անում Ռուբեն Հայրապետյանը:

«Կանչում եմ, զրուցում եմ հետը` ասում եմ շատ վատ արարք ես անում», – ծիծաղելով ասել է ՀՖՖ նախագահը: Լրագրողները նույնպես սկսել են ծիծաղալ:

«Չգիտե՞ք` ես ինչ պիտի անեմ, պիտի պատժեմ, ծեծեմ: Թե՞ մտածում եք` խուսափելու եմ: Որ ասեմ` ջութակ եմ նվագել, այ էդ ժամանակ զարմացեք», – շարունակել է Հայրապետյանը:

Նրա խոսքով` ինքը օրաթերթից ստանալիք 2 միլիոն 44 հազար դրամ գումարը կարող է մի քանի նպատակով ծախսել` կամ ծերանոցներին տալ, կամ մանկատներին, կամ օգնություն հատկացնել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարապետ Միքայելյանին, ում սրտի փոխպատվաստման վիրահատություն է անհրաժեշտ:

«Կխնդրեմ իմ գործընկերներին (նկատի ունի Սամվել Ալեքսանյանին և Լևոն Սարգսյանին – խմբ.), որ միացնեն գումարը, մի բան էլ ավելացնենք, ուղարկենք», – ասել է ՀՖՖ նախագահը:

Tekali Taxi